գլխավոր Գլխավոր «Երկուսն էլ լավ տարբերակ են Թեհրանի համար». իրանցի փորձագետը վերլուծել է՝ ԱՄՆ...

«Երկուսն էլ լավ տարբերակ են Թեհրանի համար». իրանցի փորձագետը վերլուծել է՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում ում հաղթանակն է ավելի ձեռնտու Իրանին

ԱՄՆ նախագահական ընտրություններում ինչպես Դոնալդ Թրամփի, այնպես էլ Ջո Բայդենի հաղթանակը հավասարաչափ ձեռնտու կլինի Իրանին, քանի որ հանրապետականն արագացնելու է Ամերիկայի անկումը, իսկ դեմոկրատն ընդունում է Թեհրանի նկատմամբ քաղաքականության ձախողումը: Նման կարծիք է հայտնել իրանցի ամերիկագետ փորձագետ Ֆուադ Իզադին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իմ կարծիքով, երկուսն էլ հարմար են Իրանին: Բայդենը ասել է, որ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը (Թեհրանի նկատմամբ) ձախողվել է, ԱՄՆ-ն օգտագործել է իր բոլոր գործիքները, սակայն չի հասել իր նպատակներին, սա արդեն դրական միտում է»,-ասել է փորձագետը գործակալության հետ զրույցում:

Իզադին ընդգծել է, որ Թրամփի օրոք վարվող քաղաքականության ձախողումը Վաշինգտոնին կստիպի Թեհրանի դեմ գործողությունների նոր տարբերակներ որոնել:

Բայդենի դեպքում դա կարող է լինել վերադարձ միջուկային գործարքին կամ «դրան վերադառնալու գործընթացի սկիզբ»,- ավելացրել է Իզադին ՝ նշելով, որ դեմոկրատը «թշնամանք չունի համաձայնագրի նկատմամբ»:

«Թրամփը նոր մարտահրավերներ է առաջացրել հենց ԱՄՆ-ում ՝ խաթարելով երկրում կարգուկանոնը: Մի շարք երկրների համար, որոնք գտնվում են ամերիկյան ճնշման տակ, օրինակ ՝ Իրանի համար, ձեռնտու են նաև ներքին բախումները Ամերիկայում: Նրա վերընտրվելը կարագացնի ԱՄՆ-ի անկումը: Այս տեսանկյունից Թրամփի հաղթանակը մեզ համար կարող է լավ լինել»,-նշել է ամերիկագետը:

Եթե Թրամփը կրկին հայտնվի Սպիտակ տանը, այսպես թե այնպես պետք է «Իրանի նկատմամբ ավելի իրատեսական մոտեցում դրսևորի», համոզված է փորձագետը:

«Ամեն դեպքում, նրանցից ցանկացածը լավ տարբերակ կլինի Իրանի համար», – ամփոփել է Իզադին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է 72,049,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (68,586,319)

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։

Թարգմանությունը՝ Tert.am