գլխավոր Սպորտ Միշտ ուզում էի խաղալ Հայաստանի հավաքականում. Արշակ Կորյան

Միշտ ուզում էի խաղալ Հայաստանի հավաքականում. Արշակ Կորյան

«Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է Հայաստանի հավաքականի հրավերն ընդունելու և այլ հարցերի մասին։

-Սեպտեմբերին հիշարժան բան տեղի ունեցավ․ նորամուտ Հայաստանի հավաքականի կազմում։ Ինչպե՞ս կայացրեցիք այդ հավաքականում հանդես գալու որոշումը։

Ես միշտ ցանկանում էի խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, սակայն չէի կարողանում՝ լեգիոներների հետ կապված լիմիտի պատճառով։ Եթե ավելի վաղ գնայի այնտեղ խաղալու, ապա ավտոմատ կերպով լեգիոներ կդառնայի: Չէի կարող ակումբին ասել, որ ինձ հայկական անձնագրով լեգեոների տեղ հատկացնեն։ Այնպիսի բեքգրաունդ չունեի, որ արդեն ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել եմ ու բարձր մակարդակի եմ հասել։ Դա միակ խոչընդոտն էր։ Չէի ասի, թե հատուկ սպասում էի լեգիոներների լիմիտի վերաբերյալ կանոնների փոփոխությանը, բայց հենց որ որոշումը կայացվեց, կասկած չունեի, որ կընդունեմ Հայաստանի հավաքականի հրավերը։ Ներքուստ, ես դա վաղուց էի ուզում, բայց չէի կարող բարձրաձայնել, քանի որ դեռ խաղում էի Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում։ Դա ուղղակի ճիշտ չէր լինի։ Չէի ուզում որևէ մեկին խաբել։

-Իսկ Ռուսաստանի ազգային հավաքականում Ձեզ չէի՞ք տեսնում։

-Դա ինձնից կախված չէր։ Հենց որ Հայաստանի հավաքականից հրավեր ստացա, նույնիսկ չկասկածեցի գնալ այնտեղ, թե ոչ, ու չսպասեցի Ռուսաստանի հավաքականի հրավերին։

-Հայաստանի հավաքականի խաղացողների մի մասին ռուսական ակումբներից ծանոթ եք։ Արա՞գ լեզու գտաք մյուսների հետ։

-Արագ, բոլոր տղաները դրական են, միշտ օգնում են, հուշում։ Կարծում եմ՝ նրանք ինձ շատ լավ են ընդունել, ադապտացվելը հեշտ էր։

-Ինչպե՞ս էիք շփվում՝ հայերենո՞վ, թե՞ ռուսերենով։

-Ես հայերեն էլ եմ հասկանում, բայց ոչ գրական խոսքը։ Հիմա փորձում եմ սովորել։ Կարող եմ մի քանի լեզվով շփվել՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։

-Շա՞տ էիք անհանգստանում հավաքականների մակարդակով նորամուտի խաղում։

-Չէի ասի։ Արդեն հասկանում եմ, որ որքան շատ ես ՝լարվում, այնքան վատ։ Փորձում էի չմտածել այդ մասին, ինձ ներշնչել, որ սովորական խաղ է ու պետք է խաղալ այնպես, ինչպես միշտ եմ խաղում՝ 150 տոկոսով․ գնդակ խլել, փոխանցումներ անել ու գոլեր խփել։

-Գո՞հ եք Ձեր նորամուտից։

-Ես միշտ իմ մեջ փնտրում եմ՝ ինչ կարող եմ բարելավել, չեմ կարող 100 տոկոսով ինձնից գոհ լինել։ Սխալներ ևս կային, որոնք պետք է շտկել։

-Հիմա հավաքականը Ազգերի լիգայի B լիգա դուրս գալու լավ շանսեր ունի։ Պատրա՞ստ եք կառչել աշխարհի 2022 թվականի առաջնություն դուրս գալու շանսից։

-Ես կյանքում մաքսիմալիստ եմ, դրա համար էլ պետք է դաշտ դուրս գալ՝ ավելի բարձրի ձգտելու։ Աշխարհի առաջնությունն այլ փուլ է, իսկ հիմա պետք է հաղթել խմբի մյուս խաղերը։ Բոլորիս գլխում կա աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկություն, բայց հիմա մեր ներկայիս նպատակը Ազգերի լիգայի խաղերն են։