գլխավոր Հասարակություն Արցախցի որևէ երեխա ուսումնական պրոցեսից դուրս չի մնա․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Արցախցի որևէ երեխա ուսումնական պրոցեսից դուրս չի մնա․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հայաստանում գտնվող արցախցի երեխաներին ուսումնական պրոցեսում ընդգրկելու, կրթությունը շարունակելու հնարավորոթյուն ապահովելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ակտիվ քննարկումներ է անցկացնում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ամեն շաբաթվա կտրվածքով շարունակական մոնիթորինգ են իրականացնում երեխաներին դպրոցներում ընդգրկվելու վերաբերյալ: Առաջին իսկ օրերից տրվել է կարգավորում, որ երեխաներն ընդգրկվեն իրենց ամենամոտը գտնվող դպրոցում՝ անկախ փաստաթղթերի և դպրոցում լիցենզիոն տեղերի առկայությունից:

«Զգալի թվով երեխաներ արդեն իսկ այս հնարավորությունից օգտվել են: Վստահ եմ, որ մինչև աշնանային արձակուրդների ավարտը մյուս երեխաները նույնպես կընդգրկվեն դպրոցներում: Քայլեր են ձեռնարկվել հասկանալու, թե ինչ կարիքներ կան երեխաների հետ կապված, որպեսզի ապահովվեն: Խոսքը թե գրենական պիտույթների, թե դասագրքերի, ինչպես նաև հեռավար ուսուցման պարագայում տեխնիկական սարքավորումների մասին է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս առումով համագործակցում են Արցախի համապատասխան գերատեսչության հետ:

Երեխաների թվով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանալու նոր ուսուցիչների ընդգրկման: Այդ կապակցությամբ նախարարի տեղակալը նշեց, որ կա հստակ պայմանավորվածություն՝ առաջնահերթություն են տալու Արցախից ժամանած ուսուցիչներին:

Նույն հրահանգավորումը տրված է կրթության մյուս մակարդակներում: Արցախից  ժամանածները կարող են իրենց կրթությունը շարունակել ուսումնարաններում, քոլեջներում, ինչպես նաև բուհերում:

«Դրա համար անհրաժեշտ է դիմել պետական որևէ օղակի: Դպրոցի պարագայում, եթե հարմար է, դիմել համայնքապետարան, ապա կարող են այդպես անել կամ դիմել մոտակա դպրոց: Քոլեջների, ուսումնարանների, բուհերի դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել նախարարությանը: Կփորձենք կարգավորել ուսումնական պրոցեսին մասնակցությունը: Այստեղ կարևոր է այն, որ մենք տեղյակ լինենք, մեզ դիմեն»,- ասաց  Ժաննա Անդրեասյանը: