գլխավոր Գլխավոր ԲերքաԶորահավաք․ թիկունքում ինքնակազմակերպվածները

ԲերքաԶորահավաք․ թիկունքում ինքնակազմակերպվածները

Պատերազմական օրերին հաճախ ենք լսում կոչեր ուղղված թիկունքին. Թիկունքը պետք է ամուր լինի, կազմակերպված լինի, աշխատի և այլն: Քչերն են, սակայն, պատկերացնում, ինչ ասել է թիկունքային աշխատանք ու կազմակերպված թիկունք: Որպեսզի զերծ մնանք տրաֆարետային ու դասագրքային կանոններից, որոնք, որպես կանոն, պետք եկած ժամանակ կամ չեն աշխատում, կամ այնքան էլ լավ չեն աշխատում, ներկայացնենք կոնկրետ օրինակով: Շատերդ այս օրերին լսել եք հայտնի Բերքազորահավաք նախաձեռնության մասին: Ժամանակն է մանրամասնել, որպեսզի ավելի շատ մարդ պատկերացնի՝ ինչ ասել է կազմակերպված թիկունքային աշխատանք:

Նախաձեռնության կազմակերպիչներից մեկը Արման Հայրապետյանն է, ով արդեն հայտնի է մի քանի բարեգործական հասարակական նախաձեռնություններով:

«Սկզբում մասնակցեցինք սմբուկի բերքահավաքի, որպես կամավոր: Դա այն կազմակերպության համար էր, որը սնունդ էր մատակարարում բանակին: Սմբուկը հավաքեցինք ու թողեցինք դաշտերում»:

Այդ ընթացքում ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում շախմատի Հայաստանի բազմակի չեմպիոն Մարիա Գևորգյանի բարեկամուհին՝ Մարիա Սարգսյանը:

«Սկզբում նա եկել էր կարճ ժամանակով, սակայն որոշեց մնալու ժամկետը երկարացնել: Ու բոլորով միասին սկսեցինք մտածել՝ ինչ կարելի է անել: Ու որոշեցինք, որ պետք է տարբեր տեղերից բերքահավաք կազմակերպենք ու բերքն ուղարկենք սահման կամ Հայաստանում ապաստան գտած արցախցիներին»,- ասում է Մարիա Գևորգյանը:

Սկզբում կամավորական հիմունքներով հավաքում էին բերքը այն այգիներից, որոնց սեփականատերերն իրենց պատրաստակամությունն էին հայտնում: Հետո որոշում կայացվեց, որ բերքը ոչ միայն պետք է հավաքեն, այլև գնեն, նույնիսկ այն մարդկանցից, որոնք հրաժարվում էին գումար վերցնել:

«Քանի որ այդ այգիների ու հողամասերի մեջ շատ էին այնպիսինները, որոնց սեփականատերերը գտնվում էին առաջնագծում, որոշել էինք, որ պետք է այդ միջոցով օգնենք նաև այդ ընտանիքներին: Այսինքն, բերքը հավաքում էինք ու տեղում իրացնում: Ի դեպ, առաջնագծում գտնվողների հողամասից հավաքված բերքը գնում էինք շատ ավելի բարձր գնով»:

Գումարի հարցով աջակցել է ԱՄՆ-ից ժամանած Մարիա Սարգսյանը՝ արտասահմանում հանգանակություն կազմակերպելով:

Բերքը իրացվում էր տարբեր կերպ՝ կամ ուղարկում էին առաջնագիծ, կամ տալիս էին այն կազմակերպություններին, որոնք առաջնագծին սնունդով են ապահովում, կամ էլ հասցնում էին Հայաստանում ապաստանած արցախցիներին: Սակայն եկավ մի պահ, երբ հասկացան, որ հավաքված բերքը ավելի շատ է, քան կարող են իրացնել այդ պահին, իսկ բերքը երկար սպասել չէր կարող: Խոսքը սմբուկի մասին է: Նախաձեռնության անդամներից մեկը կապվեց պահածոյացման գործարաններից մեկի հետ, ու որոշեցին, որ ավելացած սմբուկը պետք է պահածոյացնել: Արդյունքում սմբուկի խավիարն արդեն պահածոյացաված է՝ 10500 հատ ընդհանուր քանակով, որը շուտով կհասնի  հասցեատերերին:

Աշխատանքները շարունակվում են, շաբաթվա մեջ մի քանի անգամ տարբեր այգիներից հավաքում են միրգն ու բանջերեղենը, արդյունքն էլ արդեն պարզ է: Մնում է, որ ավելի հաճախ լինեն հանգանակությունները, որպեսզի ավելի մեծ ծավալով կարողանան աշխատանքներ տանել: