գլխավոր Իրադարձային ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտին մասին դեռ չեն տեղեկացրել միայն երեք երկիր

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտին մասին դեռ չեն տեղեկացրել միայն երեք երկիր

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին Եվրոպական Միության քարտուղարությանը դեռ չեն տեղեկացրել միայն Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան:

Արմենպրե»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ նշելով, որ այդ երկրները, սակայն, ավարտել են վավերացման ներքին ընթացակարգերը:

«ԵՄ բոլոր 27 պետություններում ավարտվել է վավերացման գործընթացը, սակայն կան դեռ երեք երկրներ` Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան, որոնք դեռ պաշտոնապես չեն տեղեկացրել ԵՄ քարտուղարությանն այդ վավերացման գործընթացի ավարտի մասին»,- ասաց Ադոնցը:

Փոխնախարարը նշեց, որ, երբ այդ երկրներն էլ տեղեկացնեն քարտուղարությանը, դրա արդյունքում ԵՄ-ն կճանաչի, որ վավերացման գործընթացն ավարտվել է:

«Դրանից հետո` հիմա համաձայնագրի շրջանակներում իրականացվող 80%-ին կավելանա նաև 20%-ը: Մենք արդեն մեր եվրոպական գործընկներին ներկայացրել ենք, թե ինչպես ենք պատրաստվում իրականացնել այդ 20%-ը»,- նշեց Ավետ Ադոնցը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: