գլխավոր Գլխավոր Հայաստանը բարեկամների պակաս չունի աշխարհում, խնդիրն այլ է. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը բարեկամների պակաս չունի աշխարհում, խնդիրն այլ է. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանյան դիվանագիտությունն աշխարհում իրականացնելու համար միայն գումարը բավարար չէ։ Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում, 2021թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Եթե համակարգը համապատասխան բարեփոխումների չի ենթարկվում և իրական ծրագրված կարողությունների ամրապնդման նպատակ չի հետապնդում, այդ գումարները որևէ որակական փոփոխություն կարող են չտալ»,- ասաց նախարարը։

Այդուհանդերձ Մնացականյանը համաձայնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի այն դիտարկմանը, թե մինչ օրս ՀՀ արտաքին գերատեսչության ֆինանսավորումը եղել է շատ խնայողական։

«Իսկ եթե համեմատենք մեզ համեմատելի երկրների հետ, եղել է ընդգծված խնայողական» ,- ասաց նախարարը` հավելելով, որ ՀՀ ներկա իշխանության և վարչապետի մոտեցումն այլ է` ֆինանսներն ուղղվում են կոնկրետ նպատակներին։

Այդուհանդերձ, ֆինանսների սղությունն, ըստ Մնացականյանի, չի ազդել արտաքին դիվանագիտական աշխատանքի որակի վրա։

ԱԳ նախարարը չհամաձայնեց դիտարկմանը, թե Հայաստանը շատ քիչ բարեկամներ երկրներ ունի։

«Մենք բարեկամների պակաս չունենք աշխարհում,- ասաց նա,- մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններով։ Մենք շատ հստակ ենք մեր արտաքին քաղաքականության տրամաբանության ձևավորման առումով։ Այդ տրամաբանությունը կառուցված է մեր ազգային շահերի վրա»։

Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը զսպելն ու տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը վերականգնելն է։