գլխավոր Քաղաքականություն Տոկիոյի ՕԽ-ն լավ առիթ է Կիմ Չեմ-Ընի հետ հանդիպելու համար․ Ճապոնիայի վարչապետ

Տոկիոյի ՕԽ-ն լավ առիթ է Կիմ Չեմ-Ընի հետ հանդիպելու համար․ Ճապոնիայի վարչապետ

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հաջորդ տարի Տոկիոյում սպասվելիք Օլիմպիական խաղերը լավ առիթ է համարում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեմ Ընի հետ անձնական հանդիպում ունենալու համար: Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը խորհրդարանի վերին պալատի բյուջետային հանձնաժողովի նիստի ժամանակ:

«Ես չէի մեկնաբանի սա, բայց կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է», – ասել է նա՝ պատասխանելով ընդդիմադիր Սահմանադրական կուսակցության ժողովրդական պատգամավորի այն հարցին, թե արդյոք Սուգան կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ, եթե նա գա Տոկիո՝ Օլիմպիական խաղերի ժամանակ:

Ավելի վաղ Սուգան ասել էր, որ պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Նա համոզմունք էր հայտնել, որ Ճապոնիայի և ԿԺԴՀ-ի միջև կառուցողական հարաբերությունների հաստատումը կնպաստի ոչ միայն երկու պետությունների շահերին, այլև հսկայական ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում: