գլխավոր Իրադարձային Գերագույն ռադայում հայտարարել են Զելենսկիին իմպիչմենտ հայտարարելու հնարավորության մասին

Գերագույն ռադայում հայտարարել են Զելենսկիին իմպիչմենտ հայտարարելու հնարավորության մասին

Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր, «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակ» խմբակցության ներկայացուցիչ Իլյա Կիվան հայտարարել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գործողությունները կարող են բերել նրան իմպիչմենտ հայտարարելուն: Քաղաքական գործչի ելույթի մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է կուսակցության կայքում:

«Մեր երկրում իշխանությունը փլուզվել է: Նախագահ Զելենսկին սահմանադրության երաշխավորն է, և եթե երաշխավորը պատրաստ է ոտքերը մաքրել այդ սահմանադրության վրա ի շահ երրորդ դեմքերի, թքել դրա վրա, հավասարեցնել գետնին, ապա օրակարգում մեկ հարց կա. նախագահին իմպիչմենտ հայտարարել` օրենքի նկատմամբ նրա հանցավոր դիրքորոշման համար: Մենք պատրաստ ենք խոսել այդ հարցի մասին»,-հայտարարել է Կիվան:

Քաղաքական գործիչը նշել է, որ Ուկրաինայի ղեկավարն ինքն է բացատրել իր գործողությունները արտաքին ուժերի `G7-ի դեսպանների և գործընկերների շահերով, որոնք խոստանում են օգնել երկրին: Կիվան կասկածի տակ է դրել դրա օգուտները և նշել է, որ սա Ուկրաինայի «արտաքին կառավարման հերթական հաստատումն է»:

Ավելի վաղ երկրի սահմանադրական դատարանը չեղյալ էր հայտարարել Ուկրաինայում գործող մի շարք հակակոռուպցիոն միջոցառումներ: Ուկրաինայի նախագահի աշխատակազմում որոշումը բնորոշվել է որպես անօրինական և  երկրի շահերին հակասող, ինչից հետո կառավարությունը հրամայել է շարունակել գործողոթյունները՝ շրջանցելով Սահմանադրական դատարանի որոշումը:

Դրանից հետո Զելենսկին Գերագույն ռադային է ներկայացրել Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի լիազորությունները դադարեցնելու մասին օրենքի նախագիծ և առաջարկել է, որ Ռադան անվավեր ճանաչի Ուկրաինայի Սահմանադրական դատարանի՝ հակակոռուպցիոն մի շարք նորմեր վերացնելու մասին որոշումը: Սահմանադրական դատարանի ղեկավարն իր հերթին նշել է, որ նախագահի նախաձեռնությունը սահմանադրական հեղաշրջման նախանշաններ է պարունակում: