գլխավոր Գլխավոր ՄԻԵԴ-ը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել պահպանել գերիների հետ վարվեցողության նորմերը

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել պահպանել գերիների հետ վարվեցողության նորմերը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված անձանց նկատմամբ վերաբերմունքում հետևել միջազգային նորմերին: Ստրասբուրգյան դատարանի համապատասխան հայտարարությունը ստացվել է ТАСС գործակալության փարիզյան ներկայացուցչությունում:

Դատարանն ընդգծել է, որ «շատ դիմումներ է ստացել որոշ գերիների վերաբերյալ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից»: Ատյանը խնդրել է երկու երկրների կառավարություններին տեղեկություն տրամադրել՝ արդյոք այդ անձինք գերեվարվել են: «Եթե այդպես է, ապա դատարանը խնդրում է տեղեկացնել, թե ինչ պայմաններում են նրանք պահվում, անցնո՞ւմ են արդյոք բուժզննում կամ բուժում»,- ասվում է դատարանի հաղորդագրությունում։ 

Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ժամանակ գերեվարված անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյության մասին և կոչ է անում կողմերին մասնակցել համապատասխան ընթացակարգերի:

ՄԻԵԴ-ը մտադիր չէ նոր որոշումներ կայացնել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ անվտանգության միջոցառումների մասին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։