գլխավոր Իրադարձային ԵՈւՄ-ը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

ԵՈւՄ-ը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ) ընդունել է բանաձև, որով  կոչ է անում ԵՄ երկրներին և եվրոպական հաստատություններին հստակ քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ռեժիմի՝ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած հարձակումը դատապարտելու և կանխելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ կառույցը կոչ է անում ձեռնարկել բոլոր միջոցները, որոնցով հնարավոր կլինի տարածաշրջանում անհապաղ խաղաղություն երաշխավորել՝ կանխելով Արցախի ժողովրդի էթնիկ զտումները։

ԵՈւՄ կառավարման խորհրդի 79-րդ ժողովում կառույցի՝ 40 եվրոպական երկրներից լիիրավ անդամների միաձայն ընդունած բանաձևը ներկայացրել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան։ Մինչև բուն քվեարկությունը, բանաձևին սատարելու մասին հայտնել են մի շարք կառույցներ՝ Hrvatski studentski zbor (Խորվաթիա), ANOSR (Ռումինիա), HÖOK – Hallgatói Önkormányzatok Országos Konferenciája (Հունգարիա), freier zusammenschluss von studentInnenschaften (fzs) (Գերմանիա), FAGE – Fédération des Associations Générales Etudiantes (Ֆրանսիա), Študentská rada vysokých škôl (Սլովակիա), BOSS (Բելառուս):

«Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մենք հետևում ենք անցած տասնամյակի ամենաարյունալի պատերազմին, որը տեղի է ունենում հետխորհրդային տարածքում՝ Արցախի Հանրապետությունում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բոլոր փաստերը ցույց են տալիս և ռազմական փորձագետներն էլ նշում են, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան շարունակվում է Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ: Բազմաթիվ զեկույցներ և հայտարարություններ, ներառյալ Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից, հաստատում են, որ Թուրքիան սիրիացի զինյալներ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում՝  Ադրբեջանի կողմից կռվելու համար: Հրադադարի երեք անհաջող փորձերից հետո երկու կողմերից  հազարավոր մարդիկ, ավելի քան հարյուր խաղաղ բնակիչներ և երեխաներ զոհվել են: Հաշվի չառնելով խաղաղ բնակիչների ներկայությանը՝ Արցախի  մայրաքաղաք Ստեփանակերտը և շրջանի այլ քաղաքացիական բնակավայրեր բազմիցս ենթարկվել են ռմբակոծության։ Մենք կարդում ենք Human Rights Watch-ի արժանահավատ զեկույցներն Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության անվտանգության սարսափելի անտեսման մասին, տեսնում ենք ծանր ռազմական հանցագործություններ և միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Այս ամենի պատճառով Արցախի  բնակչության մի մասը ստիպված էր տեղափոխվել՝ թողնելով իրենց տներն ու առաջնագծում կռվող ընտանիքները: Արցախում խաղաղ բնակիչների կրթությունը, աշխատանքը և կյանքը միտումնավոր կերպով խաթարվում է տարածքային պահանջների ֆոնին: Եվրոպական արժեքներն ու դիվանագիտությունը չկարողացան խաղաղ ճանապարհով լուծել այս հակամարտությունը, և մենք այսօր քաղում ենք այս ծանր պատերազմի հետևանքները խաղաղ բնակիչների դիտավորյալ հրթիռակոծման և Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկական զտումների տեսքով:

ԵՈւՄ-ն վրդովված է՝ տեսնելով, թե ինչպես է այս պատերազմը խամրեցնում Հայաստանի և Ադրբեջանի երկու ժողովուրդների միջև հաշտության հնարավոր հույսը: Մենք ցնցված ենք՝ կարդալով ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի զեկույցը, որում ասվում է, որ Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են ատելության խոսքեր օգտագործել հայերի դեմ. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ մեծացել է՝ լսելով այս ատելի հռետորաբանությունը: Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ աշխատող իրավապաշտպաններն Ադրբեջանում դատապարտվել են ծանր բանտարկությունների՝ վիճահարույց մեղադրանքներով: Մտահոգիչ է կարդալ, թե ինչպես է այսօր Ադրբեջանի ռեժիմը սահմանափակում սոցիալական ցանցերի մուտքն իր քաղաքացիների համար և հետապնդում երկրում այն մի քանի երիտասարդներին, ովքեր պատերազմի ֆոնին խաղաղության կոչ են անում: Մենք տեսել ենք խաղաղության կոչեր եվրոպական կառույցների և երկրների կողմից, որոնք չեզոքաբար ուղղված են երկու կողմերին, սակայն այսօր մենք փաստում ենք, որ ժողովրդավարական Եվրոպայի տեխնիկական չեզոքությունը մեծ թշնամի է խաղաղության հասնելու համար, ուստի ԵՄ-ից պահանջում ենք ապահովել հրատապ, թափանցիկ և իրավիճակի հավաստի մոնիտորինգ Կովկասում և, համապատասխանաբար, գործողություններ իրականացնել»,-ասված է բանաձևում:

Նշվում է, որ ԵՈւՄ-ն և բանաձևը ստորագրողները, համերաշխությամբ կանգնում են  Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողքին` կոչ անելով եվրոպական հաստատություններին և ԵՄ երկրներին հստակ քայլեր ձեռնարկել, որոնք կգործադրվեն Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական ռեժիմի վրա` տարածաշրջանում անհապաղ խաղաղություն երաշխավորելու համար:

«Մենք կոչ ենք անում անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ կանխելու Արցախի ժողովրդի էթնիկ զտումները և հարևանների հետ միասին ապահովելու նրանց խաղաղ կյանքի, ինքնորոշման և խաղաղ համակեցության իրավունքը»,-ասված է բանաձևում: