գլխավոր COVID-19 Տարեցներն ու քրոնիկ հիվանդները պետք է մեկուսացվեն և մի քանի շաբաթ չշփվեն...

Տարեցներն ու քրոնիկ հիվանդները պետք է մեկուսացվեն և մի քանի շաբաթ չշփվեն ամեն օր տնից դուրս եկող երիտասարդների հետ․ Հայկ Մանասյանը՝ համավարակի թվերի աճի մասին

Համավարակի հետ կապված բոլոր խնդիրները կամ բնությանն են վերաբերվում, կամ Կառավարությանը. պատվաստանյութի սպասումով՝ մարդիկ նստեցին, քայլեր չձեռնարկեցին, այսօր այս պատկերն ենք տեսնում: Այսօր Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը` խոսելով պատերազմի ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի և մահվան թվերի աճի մասին:

Բժիշկը նշեց, որ եթե մարտից առողջապահական համակարգը և Կառավարությունը պատվաստանյութի հայտնաբերմանը չսպասեին, կոնկրետ քայլեր ձեռնարկեին, արդեն աշնանն այս խնդիրը չէր լինի և կարիք չէր լինի տարերային աղետի որակներ ունեցող պրոցեսներում  քաղաքացիներին մեղավոր դարձնել, ըստ նրա՝ նույն սկզբունքով երկրի կառավարման խնդիրների մեջ քաղաքացին մեղավոր չէ:

«Կառավարության կողմից էին հանդիպումներ իրականացվում, նրանք պետք է իմանային, թե ինչ կարող էր տեղի ունենալ,  թե համավարակի ընթացքում որքան է պատերազմի ռիսկը: Այսինքն՝ քաղաքացին սա չի անում, սա է անում, դրանք լրիվ ավելորդ խոսակցություններ են, քաղաքացիներն անում են այն, ինչը սովորաբար արել են և այս իրավիճակը վաղուց դուրս է եկել քաղաքացիների տիրապետությունից»,-ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ ամենակարևոր և առաջնային քայլն այն կլինի, որ մեկուսացվեն տարեցները, քրոնիկական հիվանդություն ունեցողները և առնվազն մի քանի շաբաթ չշփվեն այն երիտասարդների հետ, որոնք ամեն օր տանից դուրս են գալիս և լայն շփումներ են ունենում այլ մարդկանց հետ:

«Հանրության մեջ ուրիշ անելիք չկա: Շատ ենք խոսել այս մոտեցման մասին, բայց  թույլ չտվեցին, որ հանրության առողջ և երիտասարդ զանգվածն իմունիզացվի»,- շեշտեց Մանասյանը և հավելեց, որ պատերազմական դրության ընթացքում իրատեսական չէ քաղաքացիներին ասել, որ չպետք է հոգեհանգստի մասնակցեն, պետք է դիմակ դնել, ըստ նրա՝ սա կանխատեսելի չէր մի քանի ամիս առաջ, տարերային աղետ է: