գլխավոր Հասարակություն ՀԾԿՀ մշակած գազի սակագների հաշվարկման նոր մեթոդիկան կքննարկվի ԱԺ հանձնաժողովում

ՀԾԿՀ մշակած գազի սակագների հաշվարկման նոր մեթոդիկան կքննարկվի ԱԺ հանձնաժողովում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մշակված գազի սակագների հաշվարկման նոր մեթոդիկան գտնվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում՝ քննարկման փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց գազի սակագների վերջին փոփոխմամբ պայմանավորված՝ «Գազպրոմ Արմենիա»-ում սպասվող 1000 աշխատակիցների կրճատմամբ:

Բաղրամյանը տեղեկացրեց, որ գազի սակագնի համար մշակվել է նոր մեթոդաբանություն: Այն գտնվում է ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման փուլում: «Մեթոդիկան նախատեսում է որոշակի արդյունքային ցուցանիշներով 10-ամյա հաստատուն կարգավորման մեխանիզմներ՝ ընկերության համար: Դա ներառում է տարբեր գնահատականերով շուրջ 195 մլրդ դրամի ներդրումներ, կախված կառավարության իրականացվող ռազմավարությունից, կարող է լինել մինչև 230 մլրդ դրամի ներդրում՝ 10 տարվա ընթացքում»,-ասաց նա:

Մեթոդիկան նախատեսում է որոշակի արդյունքային ցուցանիշներ: Այսինքն` առաջիկա հինգ տարվա համար ֆիքսվում են մեծություններ, այնուհետև արդյունքներ՝ և աշխատողների թվաքանակի կրճատման, և կորուստների կրճատման, և ծախսերի կրճատման հետ կապված: Անդրադառնալով1000 աշխատակցի կրճատման խոսակցություններին՝ Բաղրամյանն ասաց, որ դա այդ մեթոդիկայի շրջանակներում տասը տարվա ծրագրի ամենաավարտական ցուցանիշն է, այն էլ խոսքը 900 աշխատակցի կրճատման մասին է խոսքը: «Ֆիքսվում է հաստատուն մեծություն: Եվ եթե ընկերությունն առավել արագ է հասնում այն թիրախներին, որ պետք է հասնի հինգերորդ տարվա վերջում, այդ լրացուցիչ եկամուտները մնում են ընկերությանը՝ որպես ավել շահույթ»,-նշեց Բաղրամյանը:

Թե ներկայում «Գազպրոմ Արմենիա»-ում քանի աշխատակից է կրճատվել, Բաղրամյանը դեռ չգիտի: