գլխավոր Իրադարձային «Մեր ամեն նահատակ նշանակում է, որ այդ հողերը մեր սեփական երկիրն են»....

«Մեր ամեն նահատակ նշանակում է, որ այդ հողերը մեր սեփական երկիրն են». Էրդողանը խոստովանել է, որ Թուրքիան տարածքային ընդլայնման է ձգտում

Հունական Greek City Times պարբերականն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանն ու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս կատարած հայտարարություններից մեկին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ  նոյեմբերի 1-ին արված խոստովանությամբ Էրդողանը փաստացի հրաժարվել է միջազգային հանրությանը` իր կողմից Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին համոզելու մտքից:

Աղբյուրը նկատում է, որ թուրք զինվորականներն ու նրանց աջակցող ջիհադականները շրջափակում են Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբն ու Աֆրինը և հրաժարվում են վերադարձնել այդ տարածքների ղեկավարումը Սիրիայի կառավարությանը:

2018 և 2019 թվականներին թուրք զինվորականները Սիրիայում սկսել էին «Ձիթենու ճյուղ» և Իրաքում «Ճանկ» ռազմական գործողությունները` իբր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ:

Այնուամենայնիվ, այս օպերացիաների սկսվելուց ի վեր Էրդողանը հայտարարում էր, որ  ինքն «աջակցում է Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությանը», բայց միևնույն ժամանակ հրաժարվում է զորքերը դուրս բերել Սիրիայի և Իրաքի շրջափակված տարածքներից, որտեղ ընթանում էին ռազմական գործողությունները:

Նոյեմբերի 1-ին արված խոստովանության ժամանակ Էրդողանը ասել է.«Մենք նահատակներ ենք ունեցել Իդլիբում և Աֆրինում «Ձիթենու ճյուղ» և «Ճանկ» օպերացիաների ժամանակ: Բայց մի մոռացեք, որ ամեն նահատակ նշանակում է, որ այդ հողերը մեր սեփական երկիրն են»: