գլխավոր Գլխավոր Իսրայելը կտուժի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միության հետևանքներից․ Նիկոլ Փաշինյան

Իսրայելը կտուժի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միության հետևանքներից․ Նիկոլ Փաշինյան

Իսրայելը միավորվել է Թուրքիայի, ահաբեկիչների եւ սիրիացի վարձկանների հետ Հայաստանի հետ ներկայիս հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու հարցում։ Jerusalem Post թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննը՝ ընդգծելով, որ, ի վերջո, Իսրայելը կտուժի այդ միության հետեւանքներից։

Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը Երուսաղեմին մեղադրել է Ադրբեջանին զինելու մեջ և ընդգծել, որ վերջինս մտադիր է «Լեռնային Ղարաբաղում Հայոց ցեղասպանություն իրականացնել»։

Թերթը նշում է՝ թեև Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանում ռազմական գործողությունները, եւ երկրի ԱԳՆ-ն փորձում է թույլ չտալ Իսրայելին ներքաշել հակամարտության մեջ, սակայն Փաշինյանն ասել է, որ Իսրայելն այժմ շատ ակտիվ մասնակցում է հակամարտությանը, «քանի որ իսրայելական անօդաչու թռչող սարքերն ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»։

«Կարծում եմ՝ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին՝ վարձկանները, իսլամիստ ահաբեկիչներն ու Իսրայելն այժմ, հիմնականում, մի կողմում են։ Այնպես որ Իսրայելը պետք է մտածի, թե արդյոք դա հարմար դիրքորոշում է իր համար»,- ասել է վարապետ Փաշինյանը։

Նա հավելել է, որ Իսրայելը նաև պետք է մտածի, թե արդյոք ցանկանում է հակամարտության նույն կողմում լինել, ինչ Թուրքիան, որը հազարավոր սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան ՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար։

«Իսրայելը պետք է իրեն հարց տա ՝ արդյոք նա դե ֆակտո չի կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ վարձկանների հետ կողք-կողքի։ Արդյոք դա հարմա՞ր դիրքորոշում է նրա համար։ Եթե այդպես է, Աստված իր, բայց ես կարծում եմ, որ կլինեն որոշակի հետեւանքներ, և դուք ստիպված կլինեք առերեսվել այդ հետևանքներին»,- ասել է նա։

The Jerusalem Post-ը հիշեցրել է, որ երբ հոկտեմբերի սկզբին Հայաստանը հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին, երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինը կապ է հաստատել ՀՀ իշխանությունների հետ ու հումանիտար օգնություն առաջարկել։

Ի պատասխան Փաշինյանը նշել է. «Հումանիտար օգնություն մի երկրից, որը զենք է վաճառում վարձկաններին ու ովքեր դրանով հարվածում են խաղաղ բնակչությա՞նը։ Առաջարկում եմ Իսրայելին այդ օգնությունն ուղարկել վարձկաններին ու ահաբեկիչներին։ Դա կլինի նրա գործողությունների տրամաբանական շարունակությունը»։

Փաշինյանն ընդգծել է, որ միայն ժամանակի հարց է, երբ Թուրքիայի «իմպերիալիստական նկրտումները» Իսրայելին կհասնեն: