գլխավոր Գլխավոր Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. ՄԻՊ

Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է. ՄԻՊ

Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը պատերազմական հանցագործություն է, այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը։

Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հեկտար անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, և առկա է ծավալների արագ աճի միտում:
Հաշվի առնելով հրդեհված անտառների ծավալն ու աշխարհագրական ընդգրկվածությունը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը կանգնած է բնապահպանական աղետի առաջ, որը խարխլում է տարածաշրջանում բնապահպանական անվտանգությունը և երկարաժամկետ վտանգավոր հետևանքներ է պարունակում: