գլխավոր Հասարակություն Բանգլադեշում ավելի քան 50 հազար ցուցարար մասնակցել է հակաֆրանսիական երթի

Բանգլադեշում ավելի քան 50 հազար ցուցարար մասնակցել է հակաֆրանսիական երթի

Ավելի քան 50 հազար ցուցարարներ երթ են կազմակերպել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում՝ խոսքի ազատության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշման դեմ: Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ մեջբերելով տեղի ոստիկանությունը:

Միաժամանակ, երթի կազմակերպիչների խոսքով, միջոցառմանը մասնակցել է շուրջ 100 հազար մարդ: Ցուցարարները շարժվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, սակայն ոստիկանները կասեցրել են նրանց երթը:

Ցուցարարները հայտարարել են Մուհամեդ մարգարեին նսեմացնելու անթույլատրելիության մասին և կոչ արել բոյկոտել ֆրանսիական արտադրանքը:

Այս բողոքի երթը Բանգլադեշում վերջին օրերի երրորդ անընդմեջն էր: