գլխավոր Քաղաքականություն ՌԴ փոխարտգործնախարարն անդրադարձել է ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ առաջարկին

ՌԴ փոխարտգործնախարարն անդրադարձել է ԼՂ-ում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ առաջարկին

Ռուսաստանի Դաշնությունը բավարար տեղեկություն չունի Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան երկրների խաղաղապահներ տեղակայելու Միացյալ Նահանգների առաջարկի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ նշելով, որ ցանկացած դեպքում, բոլոր չափորոշիչները պետք է համաձայնեցված լինեն հակամարտության կողմերի հետ:

«Բոլոր հնարավոր մեխանիզմների անհրաժեշտ չափորոշիչները պետք է համաձայնեցնել հակամարտության կողմերի հետ խորհրդակցություններում»,- ասել է Ռուդենկոն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան տեղյակ է ԱՄՆ-ի այս առաջարկից, Ռուդենկոն նշել է, որ տեղյակ է այնքանով, որքանով, որ լրագրողները:

Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է Լեռնային Ղարաբաղում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին: