գլխավոր COVID-19 ՀՕՖ-ը և «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման...

ՀՕՖ-ը և «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) և ՀՕՖ-ի «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ ձեռք բերելու նպատակով, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը․

«Արձագանքելով առողջապահության նախարարության կողմից ներկայացված հրատապ կարիքին և միավորելով ջանքերը COVID-19-ի դեմ պայքարում` Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) և ՀՕՖ-ի «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ ձեռք բերելու նպատակով:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 40 հազար ՊՇՌ թեստ էր տրամադրել Հայաստանին, սակայն առանց ռեագենտների, առանց որոնց անհնար է իրականացնել ՊՇՌ հետազոտություն:

Այսպիսով, հաշվի առնելով պահի հրատապությունն ու հիվանդության տարածման միտումները, պահանջարկը կհամալրվի ՀՕՖ-ի ջանքերով:

Սա COVID-19 համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության հերթական վառ օրինակներից է, երբ ուժերը մոբիլիզացվում են ըստ անհրաժեշտության»,- ասված է հայտարարության մեջ։