գլխավոր Գլխավոր 2021-ին հավաքել 1տրլն 569 մլրդ եկամուտ․ Կառավարության կանխատեսումը

2021-ին հավաքել 1տրլն 569 մլրդ եկամուտ․ Կառավարության կանխատեսումը

Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով հաջորդ տարվա համար նախատեսվում է 1 տրլն 569 մլրդ դրամ եկամուտ, նախատեսվող ծախսերի  չափը 1 տրլն 843 մլրդ դրամ է:

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«1 տրլն 569 մլրդ դրամ ընդհանուր եկամուտների և 274 մլրդ դրամ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների հաշվին ենթադրվում է, որ կկարողանանք իրականացնել 1 տրլն 843 մլրդ դրամ ծախս»,- ասաց Ջանջուղազյանը:

Ակնկալվում է, որ 2021-ին հարկային եկամուտները կկազմեն 1 տրլն 501 մլրդ դրամ, շուրջ 45 մլրդ դրամ՝ այլ եկամուտները և 23 մլրդ դրամ՝ պաշտոնական դրամաշնորհները: Սակայն նախարարը նշեց. «Սա այն դեպքում, երբ մենք 2020-ի համար կանխատեսում էինք այն ցուցանիշները, որոնք ընկած են բյուջեի նախագծի հիմքում, մինչդեռ դրանք վերանայված են»;

2020 թվականի համար 1 տրլն 355.9 մլրդ դրամ հարկային եկամուտ էր կանխատեվել, մինչդեռ վերանայված օրենքով այն 1 տրլն 320 մլրդ դրամ է: «Թեպետ մեր սպասումներն ավելի դրական են՝ հաշվի առնելով սեպտեմբերի դրական զարգացումները, մենք ակնկալում ենք, որ ավելի բարձր հարկային եկամուտներ կունենանք: Հաշվի առնելով հարկ վճարողների պատասխանատվությունը և ներկա իրավիճակի առանձնահատկությունը՝ կարծում ենք, որ ավելի շատ հարկային եկամուտներ կունենանք, քան վերանայված բյուջեով սպասվում է»,-ասաց նախարարը: