գլխավոր Գլխավոր Թուրք ազգի արշավն ընդդեմ արևմտյան տերությունների․ The Jerusalem Post

Թուրք ազգի արշավն ընդդեմ արևմտյան տերությունների․ The Jerusalem Post

Թուրք ազգի արշավն ընդդեմ արևմտյան տերությունների, «որոնց պատճառով Օսմանյան կայսրությունը փլուզվել է», հեքիաթ է, որը խորապես արմատավորված է Թուրքիայի քաղաքական մշակույթում։ Թուրքիայի ամբողջ ժամանակակից պատմության ընթացքում միշտ եղել են ձայներ, որոնք դժգոհություն են հայտնել հարյուրամյա վաղեմության իրադարձությունների՝ Սևրի և Լոզանի պայմանագրի կապակցությամբ, գրում է The Jerusalem Post-ը։

Հոդվածագիր Սիմոն Շոֆիլդը նշում է, որ նման դատողություններ են հնչեցրել հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը 2017 թվականի դեկտեմբերին Աթենք կատարած իր այցի ժամանակ պահանջել է վերանայել Լոզանի պայմանագիրը։

«Աթաթուրքի ուժեղ թուրքական ազգայնականությանն ավելացնելով ռեվանշիստական նեոօսմանական հավակնություններ ու արմատական իսլամիստական օրակարգ՝ Էրդողանը նոր քաղաքական հավատամք է ստեղծել»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ Էրդողանն առաջնորդվում է նախկին Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող տարածքները թուրքական կառավարման տակ վերադարձնելու ձգտմամբ։

«Էրդողանը նաև ձգտում է իր կառավարությունն օգտագործել որպես թյուրքական ժողովուրդների խնամակալ, ինչն առավել ցայտուն դրսևորվեց Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում վերջին սրման ժամանակ, երբ նա Ադրբեջանին աջակցություն տրամադրեց»,- գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ Բաքվի անունից Թուրքիայի միջամտությունը չի կարող աննկատ մնալ, քանի որ Էրդողանը ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան։

Հեղինակի խոսքով՝ «Սևրի և Լոզանի իրադարձությունների արձագանքները շարունակում են հնչել Անկարայի իշխանության միջանցքներում: Կարծելով, որ Օսմանյան կայսրության անկումը պայմանավորված էր Միջերկրական ծովի արևելյան հատվածում ռազմածովային գերազանցությունը պահպանելու անկարողությամբ՝ Էրդողանի ռազմական ղեկավարությունը 2006 թվականին հորինել է «Կապույտ հայրենիք» հայեցակարգը, որն ինքնիշխանության է հավակնում Էգեյան և Միջերկրական ծովերի տիրույթներում»:

«Անկարայում պատրաստում և հրամցնում են թունավոր քաղաքական կոկտեյլ։ Դրա բաղադրիչները ներառում են քաղաքական իսլամիզմ, թուրքական էթնոազգայնականություն, Օսմանյան տարածքների վերականգնման իրրեդենտիստական երազանքներ և Թուրքիայի դեմ արևմտյան դավադրությունների հանդեպ հավատ»,-գրում է հոդվածագիրը։