գլխավոր Քաղաքականություն «Վստահ եմ, որ ինքնորոշումը մարդու հիմնարար իրավունքներից է և կարևոր ժողովրդավարական արժեք»....

«Վստահ եմ, որ ինքնորոշումը մարդու հիմնարար իրավունքներից է և կարևոր ժողովրդավարական արժեք». թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող կոնգրեսական բանաձևերի համահեղինակ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անգամ Թեդ Լիուն հայտնել է, որ անհրաժեշտ է ընդունել արցախյան հակամարտության շուրջ խաղաղության բանաձևը, որի համահեղինակն է ինքը:

«Ես միշտ եղել եմ Հայաստանի դաշնակիցը և կարծում եմ, որ հրամայական է Արցախի Հանրապետության հակամարտության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանաձևն առաջ տանելը: Վստահ եմ նաև, որ ինքնորոշումը մարդու հիմնարար իրավունքներից է և կարևոր ժողովրդավարական արժեք: Այդ իսկ պատճառով հպարտ եմ լինելու կոնգրեսական Ֆրենկ Փալոունի՝ հոկտեմբերի 23-ին ներկայացրած H. Res.1203 բանաձևի համահեղինակը: Այս բանաձև ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքն ու դատապարտում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան տարածաշրջանում»,- ասվում է կոնգրեսականի հայտարարության մեջ:

Վերջինս հավելել է նաև, որ նաև Ներկայացուցիչների պալատում Ջեքի Սփիերի՝ հոկտեմբերի 1-ին ներկայացրած H. Res.1165 բանաձևի համահեղինակն է: Տվյալ բանաձևը դատապարտում է Ադրբեջանի հարձակումներն Արցախի դեմ և հաստատում Կոնգրեսի հավատարմությունը Թուրքիայի շարունակական միջամտությունը զսպելու հարցում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։