գլխավոր Իրադարձային «Որտե՞ղ են ԵՄ ուժեղ գործողություններն ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի». Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր

«Որտե՞ղ են ԵՄ ուժեղ գործողություններն ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի». Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր

Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր Ջոել Ֆորդևինդը նկատել է, որ Արցախում Թուրքայի և սիրիացի ջիհադիստների աջակցությամբ Ադրբեջանի վայրագությունները Եվրամիության կողմից համապատասխան արձագանքի չեն արժանանում. Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: Արմենպրեսի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Հիմա որտե՞ղ են ԵՄ ուժեղ գործողություններն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Ինչո՞ւ հիմա չկիրառել նպատակային պատժամիջոցներ կամ Լեռնային Ղարաբաղի վրայով թռիչքների արգելման գոտի ստեղծել: Ինչքա՞ն զոհեր դեռ պետք է լինեն, մինչև որևէ բան պատահի»,- շեշտել է պատգամավորը:

Նա հրապարակած նկարով համեմատականներ է անցկացրել՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 2-ին, երբ Գերմանիայի կառավարությունը հայտնեց Նավալնիի թունավորման մասին, արձագանքը եղավ այն, որ Եվրամիությունը և Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ, իսկ երբ նույն թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիան, Ռուսաստանը, Սիրիան հաստատեցին, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու համար, ու որի արդյունքում հազարավոր զոհեր կան, ԵՄ-ի կողմից արձագանք չկա: