գլխավոր Քաղաքականություն ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի տեքստի համաձայնեցման հնարավորություն կա. Օվերչուկ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի տեքստի համաձայնեցման հնարավորություն կա. Օվերչուկ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ պայմանագրի տեքստի համաձայնեցման հնարավորություն կա, հարցը մշակվում է։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք քննարկել ենք այդ թեման, և այսօր էլ շարունակել ենք քննարկել այն։ Հնարավորություն ունենք հանգելու նրան, որ համաձայնեցվի պայմանագրի տեքստը։ Այսօր փորձագետները շարունակել են աշխատել», – ասել է նա լրագրողներին։

Միևնույն ժամանակ Օվերչուկը չի նշել այդ աշխատանքների ավարտի հնարավոր ժամկետները։

Փոխվարչապետը հայտնել է, որ Մոսկվան ԵԱՏՄ–ում իր նախագահության տարում շահագրգիռ է զարգացնելու միության ինտեգրացիոն գործընթացները, տրանսպորտային և լոգիստիկ միջանցքները։ Կողմերը, ըստ նրա, քննարկում են նաև ֆինանսական ենթակառուցվածքների, միացյալ էներգետիկ շուկաների ստեղծման և զարգացման հարցեր։

«Այստեղ մեծ աշխատանք է սպասվում։ Այս տարվա համար մեծ ծրագիր ենք կազմել», – հավելել է Օվերչուկը` մատնանշելով նաև կլիմայի հետ կապված խնդիրները, որոնք աշխատանքի ուղղություններից մեկն են։

Ներկայում ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։