գլխավոր Իրադարձային «Էսքան ապրանքը շալակեմ, ու՞ր գնամ». «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի

«Էսքան ապրանքը շալակեմ, ու՞ր գնամ». «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կասեցնել, քանի որ տնտեսվարողը մարմնի արձանագրած խախտումները չի վերացրել։

News.am-ի հետ զրույցում տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնել է, որ 2022-ի հոկտեմբերին տեսչական մարմնից այցելել են տոնավաճառ և 17 խախտումներ արձանագրել. բոլորը վերաբերում են հրդեհային անվտանգությանը։ 1 ամիս հետո կրկին այցելել ու արձանագրել են, որ որոշ խախտումներ վերացված են, սակայն հայտարարել են, որ փետրվարի 1-ից հետո տոնավաճառը չպետք է գործի։

«5 խախտումներ չեն վերացվել, սակայն դրանք բոլոր տեղերում կան։ Կան խախտումներ, որոնք վերացնելն անհնար է, օրինակ, 8 մետր հեռավորության վրա պետք է լինեն շինությունները։ Այդ որոշումը 2015-ին է ընդունվել, իսկ տոնավաճառը 1999-ին է հիմնվել։ Հիմա վերջերս ինձ կանչեցին ու ասացին` վտանգավոր է տոնավաճառը։ Ես ոչ մի վտանգավորությւոն չեմ տեսնում` շատ տարիներ առաջ մեծ հրդեհ ենք ունեցել տարածքում, բայց ոչ մի քաղաքացի վնաս չի կրել»,–ասել է Ավետիսյանը։

Նա հավելել է` եթե վտանգ կա թեկուզ մեկ աշխատակցի մատը քերծվելու, ապա ինքը կողմ է, որ տոնավաճառը փակվի, սակայն հարցն այն է, որ իրենցից պահանջում են մի բան, որն ուրիշ այլ կառույցներում էլ չկա։ Խոսքը, մասնավորապես, ծխի հեռացման համակարգի մասին է։ Տնօրենը հայտնել է, որ տոնավաճառում այս պահին 550 տաղավար է աշխատում, և իր համար անակնկալ է այս որոշումը` դեռ չի մտածել, թե ինչ է լինելու հետո։

Տոնավաճառի առևտրականները զայրացած են, քանի որ իրենց ոչ այլընտրանք են առաջարկել, ոչ էլ ժամանակ են տալիս խնդիրները վերացնելու համար։ Տեղի աշխատակիցներից մի կին հայտնել է, որ 30 տարի է, ինչ աշխատում է տոնավաճառում.«Առավոտյան լսել ենք, որ տոնավաճառը փակվելու է և հանկարծակի ենք եկել։ Էսպես չեն անում` 30 տարվա աշխատող մարդու մեկ օրում հանկարծակիի բերել չի կարելի։ Մեզ ոչ մի այլընտրանք չեն առաջարկել, իսկ մենք տարիքն առած ենք, այս տարիքում ինչ եմ անելու։ Բացի այդ, էսքան ապրանքն ի՞նչ եմ անելու»։

Մեկ այլ աշխատակից էլ իր հերթին նշել է, որ բոլորը վարկեր ունեն, և հարյուրավոր մարդիկ հիմա չգիտեն` ինչ են անելու։ Նրա խոսքով` եթե անգամ հակահրդեհային մի քանի կանոն չի պահպանվել, ապա կրկին պետք է ժամանակ տան, որպեսզի խնդիրները լուծվեն.«Միլիոնների վարկ եմ վերցրել, ապրանք եմ գնել` հիմա դա շալակեմ, ո՞ւր գնամ։ Ինչքան էլ իշխանությունը մտածում է մեր կյանքի մասին, թփող մտածի նաև 550 մարդու աշխատանքի մասին»։

Առևտրականները հույս ունեն, որ իշխանությունն ընդառաջ կգնա իրենց ցանկությանը և հապճեպ որոշումներ չի ընդունի։