
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու 3 միջնորդություններից մեկը գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Ինքս երեկ ԱԺ գաղտնի բաժնում ծանոթացել եմ դրան, քանի որ գաղտնիության թույլտվություն ունեմ։ Հիմա աբսուրդը՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին, որովհետև նրան մերժել են տրամադրել այդ թույլտվությունը. խոսքը Հայաստանի և Արցախի նախկին պաշտպանության նախարարի մասին է, որն ունեցել է հույժ գաղտնի տեղեկությունների հասանելիություն»,– գրել է Խամոյանը։
Նրա խոսքով` ենթադրելի է, որ ԱԺ նիստն էլ է փակ լինելու. ստացվում է՝ Սեյրան Օհանյանը, քանի որ չունի գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն, չի կարող մասնակցել իրեն ուղիղ առնչվող նիստին։