գլխավոր Իրադարձային «Արցախը մեր համար Էլզաս և Լոթարինգիա է, մենք այն երբեք չենք թողնի»....

«Արցախը մեր համար Էլզաս և Լոթարինգիա է, մենք այն երբեք չենք թողնի». Ֆրանսիայի հայազգի մշակութային գործիչները դիմել են երկրի ԱԳ նախարարին

Ֆրանսիայի հայազգի մշակույթի գործիչները դիմել են երկրի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ: Նրանց համար անհասկանալի է դիվանագիտության ղեկավարի լռությունը: Ուղերձը, որը հրապարակվել է ֆրանսիական Marianne թերթում, թարգմանաբար ներկայացվել է inosmi.ru կայքում:

Նրանց խոսքում, մասնավորապես, ասվում է՝ «Դուք սահմանափակվել եք բացարձակ լակոնիկ պատասխանով Ֆրանսիայի պատգամավորների և հայկական ամբողջ սփյուռքի կոչերին՝ ճանաչել Արցախի անկախությունը: Այդ մի քանի՝ չցանկանալով ասված Ձեր խոսքերն ընդգծում են Ֆրանսիայի «չեզոքությունը» և Մինսկի խմբի շրջանակում մնալու «անհրաժեշտությունը»: Ձեր կողմից չի հնչել ոչ մի առաջարկ կամ գաղափար, որը ցույց կտար ձեր անհանգստությունը թուրք-ադրբեջանական միության կողմից Արցախի խաղաղ բնակչությանը ռմբակոծելու վերաբերյալ: Դուք ոչ մի անգամ չեք դատապարել այդ զանգվածային, դաժան և տոտալ ագրեսիան»,- նշել են մշակույթի գործիչները:

Նրանց խոսքով՝ իրենք դեռ ոչինչ չարժեն նախարարի կոմերցիոն աշխարհընկալման մեջ, ուստի՝  նրա «չեզոքությունը» բացարձակ տրամաբանական է: Այնուամենայնիվ, նախարարը նշում է հետևյալը՝ «Մեր երկարատև հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը բավականին ածխաջրածնային ռեսուրսներ ունի, վերաբերում են սպառման էական շուկաներին մի շարք միջազգային ձեռնարկությունների համար»:

Մշակույթի գործիչները նշում են, որ նախարարը նեղացնում է դիվանագիտական դաշտը՝ ի օգուտ տնտեսական և ֆինանսական պրագմատիզմի: Նրանք ընդգծում են, որ հասկանում են՝ կոմերցիոն տեսանկյունից էթիկան մեծ նշանակություն չունի. դա հնություն է, որը փակում են փոշոտ արկղում, որտեղ միմյանց վրա են նետված արդեն անցյալում գտնվող այլ արժեքներ: Նախորդ դարի մասունքներ, որոնք միայն ժպիտ են առաջացնում երիտասարդների մոտ:

«Դուք Ադրբեջանի՝ ավտոկրատ բռնապետության մասին խոսում եք, այնպես, ինչպես ժողովրդական երկրի մասին: Ձեր «երկարատև հարաբերություննե՞րը»: Ի՞նչ բնույթի հարաբերություններ, պարոն նախարար, և որքա՞ն երկարատև»,- ասվում է ուղերձում:

Մտավորականները Լե Դրիանին հարց են ուղղում՝ արդյո՞ք իրեն հայտնի է, որ Ալիևը ճնշում է իր ժողովրդին, լեզգի և թալիշ փոքրամասնությունների որդիներին ուղարկում է կռվելու օտար թշնամու հետ: Հայտնի՞ է նրան, արդյոք, որ Ալիևի ընտանիքը թալանում է նավթադոլարները, որոնք երկար չեն բավականացնի:

«Արցախը մեր համար Էլզաս և Լոթարինգիա է, մենք այն երբեք չենք թողնի: Մեզ ոչինչ չի մնում անել, քան դիմադրել, հակահարված տալ հարձակվողներին, որոնք երազում են մեր մահը: Այս պատերազմը, որին բախվել է հայ ժողովուրդը, բոլորովին էլ տեղային հակամարտություն չէ: Դրա ապացույցն են ռազմական խորհրդատուները Թուրքիայից և Պակիստանից, ջիհադականները Սիրիայից, Լիբիայից և Աֆղանստանից: Լսե՛ք Էրդողանի խոսքերը, և Դուք կհասկանաք մեր զգուշացումների իմաստը: Նա հավատարիմ է իր խոսքին: Նրա չարությամբ և ատելությամբ ողողված ռևանշիզմը ուժ է հավաքում: Եթե նրան չկանգնեցնել, ապա չափազանց ուժ կլինի, ընդ որում՝ ոչ միայն հայերի համար: Մոտ ժամանակում արյուն կարող է հոսել Հունաստանում և Բալկաններում: Դուք չե՞ք նկատում՝ ինչ է կատարվում: Արցախի և Հայաստանի բնակիչները ոչ միայն տարածաշրջանի մասն են: Նրանք հենց տարածաշրջանն են արդեն ավելի քան 2000 տարվա ընթացքում: Նրանք նրա դարպասներն են, նրա անփոխարինելի պահակները:
Դուք պետք է իմանաք՝ ինչ են նրանք պաշտպանում, չէ՞ որ դուք պատմաբան եք:

Հարգանքներով՝
Սիմոն Աբգարյան, դերասան, դրամատուրգ և ռեժիսոր
Սերժ Ավեդիքյան, դերասան և ռեժիսոր
Ռոբերտ Գեդիկյան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ»: