գլխավոր Իրադարձային ՊԵԿ-ը չի անջատել ՊՆ–ի նախկին շենքի լույսերը․ պարզաբանում

ՊԵԿ-ը չի անջատել ՊՆ–ի նախկին շենքի լույսերը․ պարզաբանում

Պետական եկամուտների կոմիտեն ՊՆ նախկին շենքի լույսերը չի անջատել։ Այս մասին նշվում է Պետական եկամուտների կոմիտեի տարածած պարզաբանման մեջ։

Նշենք, որ երեկ պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիները փակել էին Աշտարակի խճուղին, քանի որ նրանց պնդմամբ` ՊԵԿ-ն անջատել է շենքի լույսերը։«Այդ հասցեում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն էլեկտրաէներգիայի բաժանորդ դեռևս չի հանդիսանում, հետևաբար էլեկտրամատակարարման միացման կամ անջատման հետ կապված որևէ գործողություն չէր կարող իրականացնել և չի իրականացրել»,-նշում է ՊԵԿ-ը:

Միևնույն ժամանակ կոմիտեից տեղեկացնում են, որ 2022 թվականի մայիսի 5-ի համապատասխան որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հողամասը, շենքերը և շինությունները (ՊՆ նախկին շենքը) ամրակցվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ Երևանի ազատ տնտեսական գոտի կառուցելու նպատակով։

Նշվում է, որ հարևան համայնքներից այդ շենք-շինություններում պարբերաբար մարդիկ են բնակվել, որոնց տեղեկացվել է ապօրինի զբաղեցված տարածքն ազատելու մասին, սակայն 2022 թվականի տարեվերջին տարածքում բնակվողների թիվը կտրուկ ավելացել է, ինչի մասին ՊԵԿ–ը տեղյակ է պահել իրավապահ մարմիններին։

Զուգահեռ ՊԵԿ-ը զգուշացնում է, որ այդ շենք-շինությունները 3-րդ աստիճանի վթարային են,և այնտեղ բնակվելը կարող է վտանգավոր լինել անձանց կյանքի և առողջության համար: