գլխավոր Իրադարձային Որոշ մարմիններում համակարգային կոռուպցիա կա․ Երվանդ Թարվերդյան

Որոշ մարմիններում համակարգային կոռուպցիա կա․ Երվանդ Թարվերդյան

Եթե ժամանակին ինքս գովերգում էի, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, այսօր արձանագրում եմ, որ իմ ունեցած ոչ պաշտոնական տեղեկություններով, որոշ մարմիններում վերականգնվել է համակարգային խուլիգանությունը, կոռուպցիան: Եթե մի ամբողջ մաքսային պահեստում տեսչական անձնակազմին ԱԱԾ են հրավիրում, ցուցակներ են հայտնաբերում, ուրեմն վերականգնվում է համակարգային կոռուպցիան: Ստացվում է՝ մենք ժամանակավո՞ր ուրախացանք: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

Նրա գնահատմամբ, տնտեսության այսօրվա վիճակը շատ դեպքերում կապված է լարված քաղաքական իրավիճակից, կառավարության անկարողությունից, երբ իրենք, չկարողանալով կարգավորել խնդիրները, չեն էլ ցանկանում որևէ մեկի աջակցությունն ընդունել:

«Տարօրինակ է, բայց փաստ, որ մենք ներդրումներ չունենք՝ մեր մի շարք պաշտոնյաների անգործության հետևանքով: Այսօր չկա պատասխանատվության կարգ: Խոշոր ներդրումների համար ամենակարևորը քաղաքական կայուն դաշտն է, որովհետև խոշոր ներդրողը հարաբերություններ է ստեղծում պետական մարմինների հետ, և նա պետք է հասկանա, թե այդ երկրում ինչ քաղաքականություն է տարվում: Մեր պետությունում 2018 թվականից մինչ օրս ընդամենը մեկ ու կես տարի է կայուն քաղաքական իրավիճակ եղել: Ամբողջ աշխարհում անվտանգությունը համարժեք է ռիսկերին, շահութաբերությանը, այսինքն, ոլորտներ կան, որ էական չէ անգամ ծայրահեղ անվտանգային համակարգը:

Մեր պետությունը, իհարկե, պատերազմական վիճակում է, սակայն որոշ ճյուղերի համար ներդրումներն անվտանգ են, օրինակ` գյուղատնտեսության ոլորտը: Ներդրողի համար էական չէ՝ Հայաստանը կունենա՞ պետականություն, թե՞ ոչ, իրեն իր ոլորտն է հետաքրքրում և իր ներդրած գումարների շահը, իսկ խոշոր պետությունների ներդրողը գիտի, որ իր պետությունը պաշտպանելու է իր շահը: Արձանագրենք, որ այս գեոպոլիտիկ լարված իրավիճակում էլ, միևնույն է, պատերազմական գործողությունները երբեք չեն հասնելու այն վայրերին, որտեղ հնարավոր է ներդրումներ անել։Հայաստանում հիմա էլ կան ոլորտներ, որոնք բավականին հետաքրքիր են ներդրողի համար, օրինակ՝ հանքարդյունաբերությունը, շինարարությունը: Ի դեպ, կառուցապատումը, որպես ամենաշահութաբեր ճյուղ՝ շինթույլտվությունների բյուրոկրատական քաշքշուկների անվերջանալի շղթա է, որը լուրջ խոչընդոտ է ներդրողների համար, կամ շատ տարօրինակ են քաղաքի գլխավոր հատակագծով քաղաքի գոտևորման տարբերությունները, երբ քաղաքի միևնույն տարածքում մի շենքը կարող է կառուցվել ընդամենը 4 հարկ, մյուսը՝ 15 հարկ: Վառ օրինակ է Աջափնյակ թաղամասի նոր կառուցապատման ծրագիրը, որը, սակայն, տեղից չի շարժվում։ Իմ գնահատմամբ՝ այն ևս քաղաքական ճգնաժամի հետևանք է»,-նշել է Թարվերդյանը:

Նրա դիտարկմամբ, այս իրավիճակից ելքը պետական կառավարումը պրոֆեսիոնալներին հանձնելն է, այնինչ այժմ հատկապես գործադիրում աշխատում են ոլորտից անտեղյակ անձինք, որոնց միակ առավելությունը քաղաքական թիմի անդամ լինելն է: