գլխավոր Իրադարձային Շրջափակված Արցախում էներգետիկ ճգնաժամը խորանում է

Շրջափակված Արցախում էներգետիկ ճգնաժամը խորանում է

Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 44 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120 000 բնակչությանը:

Շրջափակման պատճառով Արցախի 120 000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30 000 երեխա, 20 000 տարեց, 9 000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:

Պարենային ապրանքատեսակների մեծ մասն արդեն խանութներում չկա: Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են:

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։

6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:

Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 117 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20,000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:

Հունվարի 10-ից Արցախի Հանրապետությունում էլեկտրաէներգիա մատկարարման խնդիրների պատճառով իրականացվում են հովհարային անջատումներ։ Հոսանքազրկումների գրաֆիկը պարբերաբար փոփոխվում է։

Պահպանելով ներկայումս գործող օրական 6 ժամյա անջատման ժամանակացուցը, հաշվի առնելով ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, ս․թ․ հունվարի 25-ի ժամը  02։00-ից Արցախի ամբողջ հանրապետությունում հովհարային անջատումներն իրականացվելու են արդեն  օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։

Ադրբեջանի կողմից Արցախի գազատար խողովակի, էլեկտրական լարերի, հեռահաղորդակցության և համացանցի լարերի բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանումների պատճառով Արցախի ժողովրդի իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումները  շարունակվում են, շրջափակման պայմաններում քաղաքացիական բնակչությունը կանգնել է հումանիտար աղետի առաջ։