գլխավոր Գլխավոր ԱԹՍ-ների վերազինման ծրագրի դրամահավաք

ԱԹՍ-ների վերազինման ծրագրի դրամահավաք

Banks.am կայքը գրում է. «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվի ղեկավարությունը որոշում է կայացրել աջակցել երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությանը եւ ԱԹՍ-ների վերազինման ծրագրի դրամահավաքին փոխանցել 20 մլն դրամ:  

Օրերս Կարեն Վարդանյանի ընտանիքը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր.

«Օդային պատերազմում հաղթելու համար առաջարկում ենք հենց այսօրվանից սկսել դրամահավաքի գործընթաց՝ առնվազն 100 «Արմաթ» լաբորատորիա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) անհրաժեշտ սարքավորումներով վերազինելու նպատակով: Վերազինման արդյունքում հաջորդ տարի մենք կունենանք 1000-ից ավելի անօդաչու թռչող սարքերի օպերատորներ` նույն օդաչուներ, ովքեր կփրկեն հարյուրավոր կյանքեր ռազմական պայմաններում»:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն/նախագահ, ՀՀ վարկային կազմակերպությունների միության նախագահ Արմեն Գաբրիելյանը նշում է, որ բախտ է ունեցել Կարենի Վարդանյանի հետ իր կենդանության օրոք քննարկելու այս հարցերը:  

«Գիտեմ, թե որքան էր նա կարեւորում մեր երկրի անվտանգությունը եւ ինչ ջանքեր էր ձեռնարկում այդ ուղղությամբ: Բավական է միայն նայել Սյունիքի մարզում նրա ներկայացրած ծրագիրը «Արմաթ» ինժեներական դասարանների զարգացման գործում: Ցավոք, նա այսօր մեզ հետ չէ:

Անցած պատերազմական ամիսը մեզ ցույց տվեց, թե ինչ աններելի բացթողումներ ունենք մենք այդ բնագավառում, եւ ինչ անգնահատելի գին ենք վճարում դրա համար»,- նշել է Արմեն Գաբրիելյանը:

Նա կոչ է արել «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» կոոպերատիվի մոտ 9 հազ. անդամ- փայատերերին, ընկերության աշխատակիցներին, այլ վարկային կազմակերպությունների ղեկավարներին, աշխատակիցներին, իրեն ճանաչող բոլոր անձանց՝ աջակցել ԱԹՍ-ների վերազինման ծրագրին:

«Մեզ պատրաստված օպերատոր-զինվորներ են պետք եւ՛ այսօր, եւ՛ վաղը: Մենք, միայն մենք կարող ենք պաշտպանել մեր հողը»,- եզրափակել է Արմեն Գաբրիելյանը:

Աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ հաշվեհամարները կարող եք գտնել այս հղումով: