գլխավոր Իրադարձային Մակրոնը հայտարարել է, որ զինված հարձակումներից հետո Ֆրանսիայում մոբիլիզացնում են լրացուցիչ թվով...

Մակրոնը հայտարարել է, որ զինված հարձակումներից հետո Ֆրանսիայում մոբիլիզացնում են լրացուցիչ թվով զինվորականներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում զինված հարձակումներից հետո հանդես է եկել հայտարարությամբ, գրում է ria.ru-ն։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ երկիրը հերթական անգամ ենթարկվել է «իսլամիստական ահաբեկչական հարձակման»:

«Այսօր առավոտյան Նիցցա քաղաքի Նոտր Դամ եկեղեցում զոհվել են մեր երեք քաղաքացիները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը Նիցցա է ժամանել քաղաքում հարձակումից մի քանի ժամ անց։ Մակրոնին ուղեկցել են ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը և արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն Մորետին: Նախագահը հայտարարել է երկրում անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին։

«Մենք կպաշտպանենք պաշտամունքի բոլոր վայրերը, մասնավորապես՝ եկեղեցիները։ Մենք կպաշտպանենք նաև մեր դպրոցները»,- ասել է նա։

Բացի այդ, պետության ղեկավարի խոսքով, Ֆրանսիայում մոբիլիզացնում են լրացուցիչ թվով զինվորականներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։

Միջադեպը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 9:00-ին: Տաս րոպե անց հանցագործին հաջողվել էր բռնել: Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։

Ավելի ուշ Ֆրանսիայի հարավային Ավինյոն շրջանում տղամարդը փորձել էր հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա և դանակահարել նրանց։