գլխավոր Իրադարձային Զախարովան մանրամասներ է հայտնել Ղարաբաղի հարցով Ժնևում սպասվող հանդիպման մասին

Զախարովան մանրամասներ է հայտնել Ղարաբաղի հարցով Ժնևում սպասվող հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 30-ին Ժնևում կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այդ մասին այսօր` հոկտեմբերի 29–ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ռուսաստանի կողմից համանախագահ Իգոր Պոպովը ժամանել է Ժնև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցելու։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, տեղի կունենա Ժնևում, հոկտեմբերի 29-ին։ Նիստը, ինչպես և հոկտեմբերի 8-ին, պետք է կայանա փակ ձևաչափով։ Այսօր, սակայն, պարզ դարձավ, որ բանակցությունները տեղափոխվել են ուրբաթ։

«Հետագա քայլերի քննարկման նպատակով համաձայնության ենք հասել Ժնևում հոկտեմբերի 30-ին հերթական հանդիպում անցկացնելու մասին։ Հաայստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Օրակարգում միջազգային մարդասիրական իրավունքին վերաբերող հարցեր են, այդ թվում՝ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած համաձայնությունների պահպանման հարցը` հրադադար, գերիների և զոհերի մարմինների փոխանակում»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Մոսկվան ծայրաստիճան անհանգստացած է, որ հակամարտության ընթացքում երկու կողմից խաղաղ բնակիչներ են զոհվում, ընդգծելով, որ ռուսական կողմն առաջին իսկ օրվանից փորձել է հասնել կրակի արագ դադարեցման և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելու։ Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, ռազմական գործողությունները շարունակվում են։

«Մոսկվան շարունակում է եռանդուն ջանքեր գործադրել թե՛ որպես ազգային միավոր, և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում բանակցային գործընթացը վերսկսելու և շուտափույթ կերպով Ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացիայի հասնելու համար»,- ընդգծել է նա։

Զախարովան հայտնել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար հեռախոսով շփվում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ։ Բացի այդ, Ղարաբաղի շուրջ իրավիճակի հարցը շոշափվել է Թուրքիայի նախագահի հետ ՌԴ ղեկավարի զրույցներում, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին քննարկել է այն Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ։

«Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող ռազմական գործողություններով, մարտերում Մերձավոր Արևելքից օտարերկրյա վարձկանների ավելի ու ավելի ընդգրկուն ներգրավմամբ։ Նկատելիորեն աճել են ծախսերը հակամարտող կողմերի տնտեսությունների և հասարակությունների համար, մենք համոզված ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանքը չունի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շրջանակներում բանակցությունների վերսկսումն անհրաժեշտություն է»,- նշել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպումները ԱՄՆ պետքարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հետ։ Դրա արդյունքներով կողմերը հաստատել են հումանիտար հրադադարը վերսկսելու մտադրությունը։

Սակայն հերթական փորձը հաջողությամբ չի պսակվել։