գլխավոր Իրադարձային Արցախի դեմ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս 5 զինծառայողի իրավունքների պաշտպանության...

Արցախի դեմ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս 5 զինծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել ՄԻԵԴ

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան, տեղեկացնում են փաստաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը։

Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:

Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 03.11.2020թ: