գլխավոր Գլխավոր Իրանը հանդես է եկել արցախյան հիմնահարցի կարգավորման նախաձեռնությամբ

Իրանը հանդես է եկել արցախյան հիմնահարցի կարգավորման նախաձեռնությամբ

Իրանը հանդես է եկել արցախյան հիմնահարցի կարգավորման նախաձեռնությամբ, որտեղ գլխավոր դերը ստանձնելու են տարածաշրջանի երկրները: Այս մասին հինգշաբթի օրը Մոսկվա ժամանելուն պես հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին, հայտնում է ТАСС-ը:

«Մենք ընդունում ենք պատասխանատվությունը և օգնում լուծել ճգնաժամը», – դիվանագետի խոսքերն է փոխանցում Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանատան Telegram ալիքը: Նա շեշտել է, որ Իրանի առաջարկի հիմնական նպատակն է վերացնել այս ճգնաժամը: «Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունը տարածաշրջանային մոտեցումն է, և մեկ այլ առանձնահատկությունն էլ՝ դրա իրատեսական լինելն է», – ասել է դիվանագետը:

«Մենք տարածաշրջանային մոտեցում ենք առաջարկել այս ճգնաժամի կարգավորման համար՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, որոնք առանցքային դեր են խաղում, և Ռուսաստանը տարածաշրջանի կարևոր երկրներից մեկն է», – ասել է նա:

Փոխնախարարի խոսքով, առաջին փուլում Իրանի ծրագիրը «նախատեսում է տարածաշրջանի երկրների կողմից գործնականում պահպանել մի շարք սկզբունքներ, ինչպիսիք են օկուպացիայի դադարեցումը, տարածքային ամբողջականությունը հարգելը, ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, հումանիտար և փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ հարգանքն ու խաղաղ բնակիչների և օբյեկտների վրա հարձակումների կանխումը»:

Մինսկի խմբի արդյունավետությունը

Իրանի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդյունավետությունը արցախյան հիմնախնդրի լուծման հարցում: «Մինսկի խումբը ստեղծվել է 30 տարի առաջ, սակայն այն չի կարողացել երկարաժամկետ լուծում գտնել այս խնդրին: Այս խումբը ցույց տվեց իր անարդյունավետությունը», – Արագչիի խոսքերն է մեջբերում Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մամուլի ծառայությունը:

Ինչպես ասել է Աբաս Արագչին, «այս խմբի որոշ երկրներ ընդհանրապես տարածաշրջանում չեն և ոչ մի կապ չունեն այս ճգնաժամի հետ: Այս խմբի անարդյունավետությունը գործնականում ապացուցված է», – հավելել է նա: