գլխավոր Իրադարձային Վերապատրաստման դասընթաց՝ պատերազմական իրավիճակում երեխաներին աջակցելու նպատակով

Վերապատրաստման դասընթաց՝ պատերազմական իրավիճակում երեխաներին աջակցելու նպատակով

ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ, հաշվի առնելով պատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ, համագործակցելով ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի և Մանկական և կրթության հոգեբանների ասոցիացիայի հետ, հանրակրթական դպրոցների մանկավարժների ու հոգեբանների և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների համար իրականացնում է վերապատրաստման դասընթացներ:

«Պատերազմական իրավիճակում հոգետրավմա ապրող երեխաներին մանկավարժական աջակցության ցուցաբերման ձևերը» թեմայով հեռավար դասընթացները մեկնարկում են նոյեմբերի 1-ից: Դասընթացին կմասնակցեն հանրապետության դպրոցների 2-ական մանկավարժներ: Մասնակիցներին կներկայացեն դպրոցները և ՏՄԱԿ-ները՝ մարզպետարանների կամ Երևանի քաղաքապետարանի միջոցով, որոնց արդեն ուղարկվել են համապատասխան շրջաբերականներ:

Վերապատրաստման ծրագրի շրջանակում մանկավարժները ձեռք կբերեն հետևյալ գիտելիքները և կարողությունները՝
●Պատկերացում հոգետրավմայի մասին
●Հոգետրավմային տրվող տարիքային արձագանքները
●Հոգետրավմայի ազդեցության ոլորտները երեխայի կյանքում
●Մանկավարժների և ուսուցիչների արձագանքը հոգետրավմա ապրող երեխայի հանդեպ
●Մանկավարժական աջակցման ձևերը հոգետրավմա ապրած երեխային։

Պատերազմական իրավիճակը խաթարում է երեխայի կենսագործունեության միանգամից քանի ոլորտ և ամենածանր հետևանքները կարող է թողնել նրա զարգացման վրա։ Տրավմատիզացիայի հաղթահարման լավագույն ուղիներից մեկը երեխաներին կրթության ոլորտում ներառելն ու նրանց առօրյան վերականգնելն է»,- ասված է ԿԳՄՍՆ հայտարարության մեջ։