գլխավոր Իրավունք 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի...

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ֆոսֆորային զենքի կիրառության փաստը բազմաթիվ հայտարարություններից ու տեսանյութերից զատ, հաստատվեց նաև փորձագիտական եզրակացությամբ: Այս մասին ասված է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի Ֆեյսբուքի գրառման մեջ: 

Արցախի ՄԻՊ-ը հիշեցրել է՝ դեռևս 2020 թ. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները համատեղ զեկույց էին հրապարակել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ: 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված փաստահավաք աշխատանքների շրջանակում հայտնաբերվել ու հետազոտվել են ենթադրաբար ֆոսֆորային զենքի կիրառության մասին վկայող մի շարք տեսանյութեր, արցախյան և հայաստանյան բուժհաստատություններում բուժօգնություն են ստացել տարբեր աստիճանի քիմիական այրվածքներով զինվորականներ: 

«Փորձագիտական եզրակացությունն ամփոփեց այն ողջ պատկերը, որի մասին բարձրաձայնվում էր արդեն երկու տարի: Փորձաքննության արդյունքները անառարկելի վկայությունն են այն բանի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու դրանցով ստանձնած պարտավորությունները։ 

Ֆոսֆորային զենքը՝  

1. ունի զանգվածային ոչնչացման բնույթ,

2. ունակ է առաջացնելու մարդկային մեծ կորուստներ, պատճառելու տառապանք,

3. ունակ է մեծ վնաս հասցնելու շրջակա բնական միջավայրին,

4. արգելվում է խաղաղ բնակչության նկատմամբ դրա կիրառումը: 

Միջազգային հանրությունը իրավունք չունի անտեսելու զօր ու գիշեր աղաղակող այն փաստերը, որոնք վկայում են Ադրբեջանի հանցավոր նպատակների և գործողությունների մասին և հավատալ ադրբեջանական կեղծ և անհիմն «երաշխիք-խոստումներին»»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ: