գլխավոր Քաղաքականություն Գործող իշխանություններն այլևս չեն հետապնդում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համազգային խնդիրը, որով...

Գործող իշխանություններն այլևս չեն հետապնդում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համազգային խնդիրը, որով սահմանված վտանգներն այսօր տեսանելի են Արցախում․ «Պատիվ ունեմ»

«Պատիվ ունեմ» խմբակցություն հայտարարություն է տարածել.

«2015 թվականին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և ապագայում ցեղասպանությունների կանխման նպատակով, հայկական դիվանագիտությունը հաջողել էր դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ում ամրագրել՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Դա, իրավամբ, շոշափելի ձեռքբերում էր հայ դիվանագիտական և քաղաքական շրջանակների համար, սակայն գործող իշխանությունները այլևս չեն հետապնդում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համազգային խնդիրը, որով սահմանված վտանգները, ցավոք, այսօր տեսանելի են Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Արցախում:

ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով, Արցախի խորհրդարանը հանդես է եկել առաջարկով, որով կոչ է ուղղում միջազգային հանրությանը առաջարկելով, դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարի ցեղասպանություն:

Անվերապահորեն սատարելով Արցախի մեր գործընկերների առաջարկը, ցանկանում ենք նաև արձանագրել, որ Ադրբեջանը հետևողականորեն տապալում է խաղաղ բանակցությունների գործընթացը, հայտարարում, որ ուժի կիրառման միջոցով Արցախի հարցի լուծումը իր համար շարունակում է մնալ առաջնային օրակարգի հարց, իր քաղաքականությունը կառուցում է Արցախին առավելագույն մարդկային կորուստներ պատճառելու և հումանիտար աղետի առաջ կանգնեցնելու քաղաքականությամբ, ինչպես նաև Հայաստանը՝ Արցախին կապող միջանցքը փակելու սպառնալիքով, փորձում է հասնել Արցախի ամբողջական շրջափակմանը:

Ադրբեջանն առաջնորդվում է «չկան հայեր՝ չկա կոնֆլիկտ» սկզբունքով և իր առաջ դրված առավելապաշտական նպատակներին հասնելու համար, Արցախին սպառնում է էթնիկ զտումներով, սեփական բնօրրանից զրկելու պահանջներով, ինչպես նաև ֆիզիկական հաշվեհարդարով:

Նշված մոտեցումները ոչ այլ ինչ են, քան՝ ցեղասպանական հռետորաբանություն:

Ուստի կոչ ենք անում աշխարհի բոլոր խորհրդարաններին 21-րդ դարում կանխել Ադրբեջանի կողմից ցեղասպան նկրտումները»: