գլխավոր Հասարակություն Վիճակախաղերի կազմակերպիչներն ու խաղացողները կարող են լրացուցիչ հարկվել

Վիճակախաղերի կազմակերպիչներն ու խաղացողները կարող են լրացուցիչ հարկվել

Հայաստանում վիճակախաղերի կազմակերպիչների ու խաղացողների շահույթները հնարավոր է լրացուցիչ հարկվեն։ 62 կողմ, 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագիծը ԱԺ–ում ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Մինչև որոշման ընդունումը նա հայտնել է, որ այս տարվա անցած 9 ամիսների ընթացքում կատարվել է 4,2 տրիլոն դրամի խաղադրույք։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրք վճարել լրացուցիչ 175 մլն դրամ, տոտալիզատորի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրք վճարել լրացուցիչ 50 մլն դրամ և այլն:

ՔՊ–ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվել է, արդյոք չարժե՞ր քննարկել շահումը հարկելու տարբերակները, օրինակ եթե մարդը պարբերաբար խաղում է և շահում է, դա նրա եկամտի աղբյուրն է դարձել, պետք է հարկվի՝ ինչպես բոլոր մյուս քաղաքացիներն են հարկվում։

«Վերջնարդյունքում, կարծում եմ, որ մենք ինչ-որ մի պահի գալու ենք արդյունքից հարկման, ընդ որում՝ ոչ միայն խաղացողների ստացած շահումները, այլ կազմակերպիչների գեներացրած շահույթները նույնպես»,- պատասխանել է Արման Պողոսյանը:

Փոխնախարարը հիշեցրել է, որ վերջին շրջանում կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել դրամախաղերի տարածման դեմ։ Մասնավորապես, սահմանափակվել է նրանց գովազդը, արգելվել է խաղային հաշիվները համալրել փողոցային տերմինալներով։

Այս պահին էլ կառավարությունը մշակում է սոցիալապես անապահով քաղաքացիների մուտքը խաղերին սահմանափակելու առաջարկներ, որպեսզի կանխի նրանց գույքային վիճակի հետագա վատթարացումը:

Նշենք, որ շահումով խաղերն ու տոտալիզատորները հարկվում են տարեկան 600 մլն դրամի պետական տուրքով։ Նոր տուրքը ոչ թե փոխարինում է դրանց, այլ լրացնում։