գլխավոր Աշխարհ «Բյուջեի համար մի անհանգստացեք». Պուտինը` ռուսական նավթի գների առաստաղ սահմանելու մասին

«Բյուջեի համար մի անհանգստացեք». Պուտինը` ռուսական նավթի գների առաստաղ սահմանելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Եվրամիության կողմից ռուսական նավթի գների համար առաստաղի սահմանումը՝ այդ միջոցառումը համարելով հիմար և չմտածված։ Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի առաջնորդից հետաքրքրվել են, թե ինչպիսին կլինի Մոսկվայի պատասխանը արևմտյան երկրների որոշմանը, և թե ինչպես կանդրադառնա այդ որոշումը Ռուսաստանի բյուջեի վրա:

«Բյուջեի համար մի անհանգստացեք… Բանն այն է, որ նավթի գների սահմանված առաստաղը համապատասխանում է այն գներին, որոնցով մենք այն վաճառում ենք։ Այդ առումով որոշումը մեզ վրա ոչ մի կերպ չի անդրադառնում»,-ասել է նա։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը բազմաթիվ գործընկերների համար զեղչեր է անում, առանձին տեսակներ մի փոքր ավելի թանկ են, քան ներդրված 60 դոլարի առաստաղը, բայց այնուամենայնիվ, կորուստներ չեն լինի: Բայց խնդիրը, նրա խոսքով, իրականում այլ է, և այն վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին։

«Խնդիրը բոլոր արտադրողներին է վերաբերում։ Եթե ինչ-որ մեկը համաձայնի, որ սպառողն է որոշելու գինը, դա կհանգեցնի արդյունաբերության փլուզման։ Սպառողը միշտ ցածր գներ է պահանջելու: Եթե միայն սպառողներին լսենք, ապա արդյունաբերության մեջ ներդրումներ կատարելը զրոյի կհանգեցնի և կբերի համաշխարհային էներգիայի փլուզման։ Դա հիմար և չհաշվարկված որոշում է»,-հավելել Է Պուտինը։

Ինչ վերաբերում է պատասխան միջոցառումներին, ապա Ռուսաստանը նավթ չի վաճառի այն երկրներին, որոնք նման որոշումներ են կայացնում։ Նախագահը չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան կնվազեցնի նավթի արդյունահանումը: ՕՊԵԿ+-ի հետ պայմանավորվածություններ կան հայտնի նշաձողի շուրջ, և եթե կարիք լինի, Ռուսաստանը մյուս գործընկերների հետ միասին կմտածի լրացուցիչ քայլերի մասին։