գլխավոր Իրադարձային ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովի

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովի

Դեկտեմբերի 8-ից 9-ը ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի «Զինված ուժերում բարեվարքության կերտման դերը ժողովրդավարական արժեքների պաշտպանության և հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդման գործում» խորագրով միջազգային համաժողովին։

Համաժողովին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանական գերատեսչություններում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու կառուցների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների և առաջատար փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչներ։ Ներկայացվել ու քննարկվել են տարբեր երկրների զինված ուժերում բարեվարքության ամրապնդման լավագույն փորձը, առկա խնդիրները և դրանց լուծման համակարգային մոտեցումները։

Բրյուսելում ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի բարեվարքության կերտման ծրագրի ղեկավարության հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրերի ակտիվացման ուղղությամբ, վերահաստատվել է հաջորդ տարվա միջոցառումների ցանկը։ ՊՆ գլխավոր քարտուղարը ծրագրի ղեկավարությանը և փորձագետներին հրավիրել է Հայաստան՝ անձնակազմի կառավարման, ֆինանսական պլանավորման, աուդիտի և գնումների համակարգի ռիսկային հարցերի վերհանման և դրանց չեզոքացման համալիր գործողությունների մշակման վերաբերյալ տեղում անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու նպատակով։