գլխավոր Իրադարձային ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի նախագիծը պատրաստության բարձր աստիճան ունի. Փաշինյան

ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի նախագիծը պատրաստության բարձր աստիճան ունի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի նախագիծը պատրաստության բարձր աստիճան ունի: Ելույթ ունենալով Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում՝ վարչապետը նշեց, որ հայկական կողմն առաջնային է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։

«Մասնավորապես, մեզ համար զգայուն է մնում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը։ Կառուցողական երկխոսության և փոխզիջումային լուծումներ գտնելու նպատակադրման շնորհիվ հնարավոր եղավ ապահովել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի` պատրաստ լինելու բարձր աստիճանը»,– ասել է վարչապետը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, հաշվի առնելով գործընթացի բարդությունը, մնում են մի շարք չկարգավորված հարցեր։ Փաշինյանի խոսքով` Հայաստանն իր կողմից պատրաստ է ճկունություն ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և միավորման բոլոր անդամների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար։

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ ԵԱՏՄ երկրներն արդեն ձեռնամուխ են եղել կլիմայական օրակարգի շրջանակներում ճանապարհային քարտեզի իրականացմանը։ Նա նշել է, որ Հայաստանի համար արդիական է կանաչ տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պաշտպանության թեման։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: