
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 01։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 61 խումբը «աջից ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Կարճ ժամանակ անց «աջից այտային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի աղջկա։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 18-ամյա Հայկ Ա․-ն է և 20-ամյա Միլենա Ա․-ն։ Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները օգնություն են ցուցաբերում վիրավորներին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները Նորագավիթի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքից ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 29-ամյա Ստեփան Պ․-ին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս և նրա եղբայրը՝ Երևանի բնակիչ 32-ամյա Սերգեյ Պ․-ն, և ևս մի քանի հոգի ծեծի են ենթարկել նշած անձանց, ապա դիմել փախուստի։
Սակայն Շենգավիթի ոստիկաններին ու Երևանի գնդի պարեկներին հաջողվել է Ստեփան Պ․-ին բռնել և տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները քույր ու եղբայր են և հեծանիվով անցնելիս են եղել, երբ պատահաբար, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ կպել է ծեծողներից մեկին, ով էլ մի կաթի մեղրի պատմություն հիշեցնող իրավիճակ է ստեղծել։
Քննչական բաժին ներկայացված Ստեփան Պ․-ն և որոնվող Սերգեյ Պ․-ն հարազատ եղբայրներ են։ Դեպքի վայրում հայտնաբերվել է տուժողի հեծանիվը և այլ կասկածելի իրեր»,-գրել է կայքը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի