գլխավոր Մամուլի տեսություն Քաղաքականությունից դուրս չեմ եկել, ժամանակավոր կասեցրել եմ քաղաքական գործունեությունս. կգա ժամանակը՝ կվերսկսեմ....

Քաղաքականությունից դուրս չեմ եկել, ժամանակավոր կասեցրել եմ քաղաքական գործունեությունս. կգա ժամանակը՝ կվերսկսեմ. Արթուր Ղազինյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հայաստան» դաշինքի անդամներ Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի եւ Ելենա Կիրակոսյանի՝ մանդատներից հրաժարվելուց հետո ցուցակի հաջորդ համարներ Ռուբեն Մելքոնյանը, Սայաթ Շիրինյանը, Դավիթ Սահակյանցը, Մարիա Պետրոսյանը, Ռոբերտ Հայրապետյանը հայտարարեցին, որ չեն վերցնելու մանդատները։ Խորհրդարանից առաջինը՝ հուլիսի 4-ին, հեռացավ «Հայաստան» դաշինքի ցուցակով անցած Արթուր Ղազինյանը։ Դրանից մի քանի շաբաթ առաջ հրաժարվել էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Արթուր Ղազինյանը մեզ հետ զրույցում չցանկացավ գնահատել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների՝ մանդատներից հրաժարվելու փաստը։ «Իրենց որոշումն է՝ լավ են անում, գնահատական չեմ ուզում տալ»,- ասաց նա եւ պատասխանեց մի քանի հարցի։

– Ստացվում է՝ ընդդիմությունն անպտուղ գործունեությամբ է զբաղված խորհրդարանում։

– Ես չեմ կարող գնահատական տալ ընդդիմության գործունեությանը, ես իմ գրառմամբ տվել եմ էն պրոյեկտը, թե ինչպես պետք է լինի, ինչպես ճիշտ է, ինչպիսին օրգանական է։ Թե ինչպես կդառնա, չգիտեմ։

– Ինչո՞վ է պայմանավորված այս իրավիճակը, Ձեր կարծիքով։ Իշխանությունը հաղթո՞ղ դուրս եկավ ընդդիմության դեմ պայքարում։

– Ես չեմ կարող ասել եւ չեմ ուզում գնահատական տալ ընդդիմության գործունեությանը․ անում է այն, ինչ որ կարողանում է, ինչ որ ճիշտ է համարում։

– Իսկ Դուք հիմա քաղաքական գործունեությամբ զբաղվո՞ւմ եք։

– Ոչ, ես ո՛չ կուսակցական, ո՛չ դաշինքային որեւէ քաղաքական պրոցեսի մեջ չկամ։

– Բայց կարծեմ ասել էիք, որ շարունակելու եք պայքարը, քաղաքականությունը։

– Ես կասեցրել եմ եւ չեմ հայտարարել վերսկսելու մասին։

– Իսկ ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ քաղաքականությունից ընդհանրապես։

– Քաղաքականությունից դուրս չեմ եկել, ժամանակավոր կասեցրել եմ քաղաքական գործունեությունս, մինչեւ կգա ժամանակը՝ կվերսկսեմ ավելի հարմար պահի, իրավիճակով պայմանավորված։

– Բայց Ֆեյսբուքում ակտիվ գրառումներ եք կատարում, հետեւում եք, չէ՞, քաղաքական իրադարձություններին։

– Այո, իհարկե, հետեւում եմ, բա իմ երկիրն է, ո՞նց չհետեւեմ․ իմ ժողովուրդն է, իմ պետությունն է, իմ Արցախն է, ո՞նց կարող է չհետեւեմ, մարդ եմ, ապրում եմ Հայաստանում` հոգսերով, ամեն ինչով։

– Քաղաքական դաշտում ճգնաժամ տեսնո՞ւմ եք։

– Դե, խորհրդարանական ճգնաժամ կա, քաղաքական ճգնաժամ՝ իհարկե, կա։ Օրակարգի վակուում է, անելիքի բացակայություն է, գաղափարախոսության բացակայություն է։

– Իսկ նոր ուժերի ի հայտ գալու անհրաժեշտություն, հրամայական կա՞, ըստ Ձեզ։

– Ռուսերեն մի ասացվածք կա՝ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Ու դա լցվելու է մի օր։

– Ո՞ւմ միջոցով։ Կարո՞ղ է այդ լցնողներից մեկը Դուք հանդիսանաք։

– Ամեն ինչ էլ հնարավոր է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։