գլխավոր Գլխավոր Հայկական կողմին փոխանցված13 զինծառայողների մարմինները նույնականացվել են

Հայկական կողմին փոխանցված13 զինծառայողների մարմինները նույնականացվել են

10 օր առաջ Ադրբեջանը սեպտեմբերյան մարտերում զոհված 13 զինծառայողների մարմիններ փոխանցեց հայկական կողմին։ Գենետիկ փորձաքննություններն այսօր ավարտվել են՝ բոլոր մարմինները նույնականացվել: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Դատաբժշկական կենտրոնից։

«Բոլոր տասներեք մարմիններն էլ նույնականացվել են։ Ես կարծում եմ, որ արդեն հանձնել են ծնողներին։ Մենք մեր մասով աշխատանքները ավարտել ենք հենց այսօր», – ասել է Դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ կրկնակի փորձաքննության կարիք չի եղել, մարտերից ավելի քան երկու ամիս անց աշխատել են միայն ոսկրային հյուսվածքների հետ. – «Էս դեպքում աշխատել ենք միայն ոսկրային հյուսվածքների հետ, սակայն ունեցել ենք լիարժեք բնութագրեր հենց առաջին փորձից ու ստացել ենք նույնականացումներ»։

Բաքուն սեպտեմբերից մինչև այժմ հայկական կողմին 156 զինծառայողի մարմին է փոխանցել։ Ադրբեջանը մարտերից հետո այդպես էլ թույլ չտվեց, որպեսզի հայկական կողմը գրավված տարածքներից դուրս բերի վիրավոր կամ զոհված զինծառայողներին։ Ոչ պաշտոնական տվյալով, դեռևս երեք անհետ կորած կա։