գլխավոր Քաղաքականություն Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ...

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Վալերի Պեկրեսի սկզբունքային և հետևողական գործունեությունը՝ ուղղված մարդու իրավունքների ու ազատությունների, մարդասիրության ու ժողովրդավարության սկզբունքների, համամարդկային արժեքների պաշտպանությանը, Արցախի Հանրապետության սատարմանը՝ նշելով, որ նա եկավ Արցախ մեր ժողովրդի համար ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ դեռ թարմ էին արյունալի պատերազմի վերքերը:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ Ֆրանսիան ու Ֆրանսիայի ժողովուրդը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Արցախի բարեկամների շարքում: «Դրա վկայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ճանաչման, ինչպես նաև ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  վերաբերյալ Ձեր գլխավորությամբ Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի՝ 2020 և 2022թթ.-ին ընդունած  բանաձևերն են։ Մենք բարձր ենք գնահատում նման աջակցության ու քայլերի դերը ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի համար»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Միաժամանակ երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ընդհանուր արժեհամակարգի ու շահերի վրա հիմնված մեր ժողովուրդների անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա և կընդլայնվեն երկխոսության ու համագործակցության ոլորտները:

Վալերի Պեկրեսը վերահաստատել է իր համերաշխությունն ու աջակցությունը Արցախին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման: