գլխավոր Իրադարձային «Մանկական Եվրատեսիլ»-ի շոուն շատ օրիգինալ է լինելու. Մովսիսյանը` կատարված աշխատանքի մասին

«Մանկական Եվրատեսիլ»-ի շոուն շատ օրիգինալ է լինելու. Մովսիսյանը` կատարված աշխատանքի մասին

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանը մի շարք փոփոխություններ է մտցրել, որպեսզի այն լինի օրիգինալ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Մովսիսյանը շեշտել է, որ Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլին» Հայաստանը սկսել է պատրաստվել հաղթանակից անմիջապես հետո։

««Մանկական Եվրատեսիլի» շուրջ առաջին հանդիպումները սկսվել են այս տարի` գարնանը։ Մրցույթում ներգրավվել են հարյուրավոր մասնագետներ, ոչ միայն եվրոպական հեռարձակողների միության գործընկերները, այլև եվրոպական մի քանի երկրից մասնագետներ։ Մենք փոփոխություններ ենք մտցրել և դրանցից մեկն այն է, որ Երևան ենք հրավիրել նախորդ 19 տարվա հաղթողներին։ Հիմնական շոուի ժամանակ մենք նրանց կտեսնենք բեմում, նրանք հատուկ համարով են հանդես գալու։ «Մանկական Եվրատեսիլի» ժամանակ ելույթ է ունենալու նաև Տավուշի թեմի երգչախումբը»,– ասել է Մովսիսյանը։

Փոփոխություններից մեկն էլ այն է, որ 4 հաղորդավարներից մեկը ռոբոտ է լինելու` Ռոբինը։ Հանրային ՀԸ-ի գործադիր տնօրենը շեշտել է, որ Ռոբինի ներկայությունը ցույց է տալու Հայաստանի տեխնոլոգիական ներուժը։

Մովսիսիյանը նշել է, որ այս պահին մարզահամերգային համալիրում 1000–ից ավելի մասնագետ է աշխատում և վստահեցրել` այն ինչ կտեսնի հանդիսատեսը դեկտեմբերի 10-ին և 11-ին, կլինի հիշարժան և տպավորիչ։

«Մանկական Եվրատեսիլի» գործադիր տնօրեն Մարտին Օստերդալը նշել է, որ երգի մրցույթում դրական զարգացումներ են եղել վերջին տարիներին։

««Մանկական Եվրատեսիլը» մեզ համար շատ սիրելի բալիկ է, որը շատ արագ մեծանում է»,– ասել է Օստերդալը։