գլխավոր Հասարակություն 100-ամյա արժեքներ ենք վերականգնում, մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր. Դումանյան

100-ամյա արժեքներ ենք վերականգնում, մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր. Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահ է` Երևանի քաղաքապետարանը տոներից հետո Հանրապետության հրապարակի շենքի վրա արված բոլոր անցքերը կվերականգնի, եթե դրա կարիքը կա։ Դումանյանն իր տեսակետը հայտնել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ համացանցում բուռն քննարկման թեմա են դարձել Հանրապետության հրապարակի շենքերի ճակատային հատվածների վրա հայտնված հեղույսները, որոնք ամրացվել են քաղաքի տոնական ձևավորման համար։

«Անցքերի մասով աշխատանքները կատարվել են Երևանի քաղաքապետարանի պատվերով, և ես կասկած չունեմ, որ իրենք իրենց ասածը կիրականացնեն։ Ես փորձագետ չեմ, լսել եմ տարբեր կարծիքներ, և ճարտարապետներ կան, որ ասում են` դա ընդհանրապես խնդիր չէ։ Մեր նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում` 100-ամյա պատմամշակութային տարբեր արժեքներ ենք վերականգնում, և մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր»,–ասել է Դումանյանը։

Նրա խոսքով` նախապես հանձնաժողով չի կազմվել այդ հարցը քննարկելու համար, քանի որ այդ ամենը ժամանակավոր է, և եթե լիներ մշտական, ապա գիտամեթոդական խորհրդում պետք է հավանության արժանանար։ Սակայն, ըստ նախարարի, բանավոր քննարկումներ են եղել։

Դումանյանը նշել է նաև, որ փաստաթղթային առումով թույլտվություն չկա, սակայն չգիտի` դրա համար փաստաթուղթ պետք է, թե ոչ։

Նախարարը ասել է նաև, որ եթե ինքը լիներ ծրագրի պատասխանատուն, գուցե այլ լուծումներ լինեին։