գլխավոր Քաղաքականություն Եթե Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, դա ցույց տալու միակ միջոցը բանակցություններին...

Եթե Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, դա ցույց տալու միակ միջոցը բանակցություններին վերադառնալն է. դեսպան Ներսեսյան

Հայաստանը լիովին հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Միացյալ Թագավորությունում ՀՀ  դեսպան Վարուժան Ներսեսյանի հոդվածում, որը հրապարակվել է The Jerusalem Post-ում:

«Եթե ադրբեջանական զորամիավորումները դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից, և Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն ստանձնեն կասեցնելու հետագա ագրեսիան, ապա Հայաստանի հետ խաղաղ հարաբերությունների կարգավորման մեկնարկը կարող է տրվել»,- գրել է դիվանագետը:

Ներսեսյանն անդրադառնում է Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանի՝ The Jerusalem Post-ի վերջին հոդվածին, որտեղ վերջինս խուսափում է նշել այն մասին, որ իր երկիրը 2020 թվականից ի վեր մի քանի անգամ հարձակվել է Հայաստանի սահմանների վրա և գրավել է շուրջ 140 քառակուսի կիլոմետր տարածք։

Վարուժան Ներսեսյանն ընդգծում է՝ Հայաստանը խաղաղության կողմնակից է, սակայն խուսափում է այն հանգամանքից, որ Ադրբեջանն օգտագործում է սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար: Օրինակ՝ շարունակում է քարտեզներ հրապարակել, որտեղ Հայաստանի հարավը ներկայացված է Ադրբեջանի կազմում։

«Հայաստանը լիովին հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին: Եթե Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, ապա դա ցույց տալու միակ միջոցը բանակցություններին վերադառնալն է՝ դրանից խուսափելու պատրվակներ գտնելու փոխարեն»,- գրում է  դեսպանը: