գլխավոր Հասարակություն Ակադեմիական քաղաքում հնարավոր է ավագ սպայական դպրոց հիմնվի. Փաշինյան

Ակադեմիական քաղաքում հնարավոր է ավագ սպայական դպրոց հիմնվի. Փաշինյան

Ակադեմիական քաղաքում, որը նախատեսվում է կառուցել Աշտարակում, հնարավոր է ավագ սպայական դպրոց հիմնվի։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հիմա աշխատում ենք այս գաղափարի վրա։ Գուցե Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի հենքի վրա ստեղծենք դպրոց, որտեղ լինի ավագ դպրոցի ամբողջ կուրսը` գումարած առաջին կուրսի ամբողջ կուրսը։ Ընդ որում այդ դպրոցը պետք է լինի և՛ տղաների, և՛ աղջիկների համար։ Այն երեխաները, որոնք մտածում են, որ պետք է զինվորական որևէ ծառայության անցնեն, նախ կգան այս դպրոցում դասընթացներ, ինչպես նաև նախնական պատրաստություն անցնելու»,– ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` այդ դպրոցի սաները, ըստ էության, կավարտեն սպայական առաջին կուրսը, որից հետո իրենց ուսումը կշարունակեն ոստիկանության ակադեմիայում, ռազմական համալսարանում և այլն։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծել, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։