գլխավոր Քաղաքականություն Խաղաղապահների հետ պետք է ամեն ինչ անենք, որ Լաչինի միջանցքի դեպքը չկրկնվի....

Խաղաղապահների հետ պետք է ամեն ինչ անենք, որ Լաչինի միջանցքի դեպքը չկրկնվի. Աղաջանյան

Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելը խնդրահարույց է։ ԵԱՀԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության անդամների՝ ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` անդրադառնալով դեկտեմբերի 3–ին որոշ ժամանակ ճանապարհը փակելու խնդրին։

Հայտնել էինք, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

«Այն, ինչ տեղի է ունեցել մի քանի օր առաջ, ինչի արդյունքում դե ֆակտո Լաչինի միջանցքը փակվել է, բնականաբար, խնդրահարույց է։ Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների հետ պետք է անենք ամեն ինչ, որ նման բան չկրկնվի»,–ասել է Աղաջանյանը։

Նրա խոսքով` 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրվում է, որ Լաչինի միջանցքը պետք է գործի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, Հայաստան–Արցախ կապը պետք է առանց խոչընդոտների լինի։ Այս համատեքստում, ըստ Աղաջանյանի, որևէ խոչընդոտող դետալ անընդունելի է։

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 5-ին, լուրեր էին շրջանառվում, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարությամբ հանդես եկավ` հերքելով այդ լուրերն ու ասելով, որ տարածվող լուրերը կեղծ են։